Հարութ Գրիգորյանին նոկաուտի ենթարկած հոլանդացի մարտիկը սպառնալիքներ է ստացել

18:41   14 հունիսի, 2017

Փարիզում տեղի ունեցած քիկբոքսինգի Glory 42 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Գրիգորյանին նոկաուտի ենթարկած հոլանդացի Մուրտել Գրոնհարթը հայտարարել է, որ մենամարտից հետո սոցիալական ցանցերում բազմաթիվ սպառնալիքներ է ստացել:

«Մենամարտից հետո ես մոտեցա Հարութ Գրիգորյանին եւ շնորհակալություն հայտնեցի պայքարի համար, նա ինձ շնորհավորեց եւ ոչ մի բացասական խոսք չասաց: Նա նշեց, որ այդպիսի իրավիճակում նույնը կաներ: Սակայն սոցիալական ցանցերում ես բազմաթիվ սպառնալիքներ են ստանում: Մարդիկ խոստանում են սպանել ինձ: Սակայն պետք է հիշել, որ սա սպորտ է, եւ ամեն ինչ ավարտվում է ռինգում»,- Մուրտելի խոսքը մեջբերում է tmz.com-ը:

Հիշեցնենք, որ Մուրտել Գրոնհարթը նոկաուտի էր ենթարկել հայ մարզիկին, երբ նա շրջվել էր եւ մրցակցին մեջքով էր: Սակայն մրցավարը մենամարտը դադարեցրած չէր եղել, եւ Գրոնհարթը որեւէ կանոն չէր խախտել այդ հարվածով:

Երկրպագուները բուռն դժգոհությամբ էին արձագանքել տեղի ունեցածին, իսկ նրանցից երկուսը մտել էին ռինգ եւ հարվածել հոլանդացի մարզիկին: Ամենայն հավանականությամբ, նրանք Գրիգորյանի ընկերներն են: Մրցաշարի կազմակերպիչներն ու մրցավարները դժվարությամբ են կարողացել Մուրտելին ազատել հարձակվածներից:

Փարիզի դատախազությունը կհետաքննի միջադեպը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։