Վոլոդյա Ֆրանգուլյան. Հաղթեցի ինչպես մրցակիցներիս, այնպես էլ մրցավարներին

12:12   12 հունիսի, 2017

Թբիլիսիի մրցաշարում մրցավարությունը շատ վատն էր, կար կողմնակալ վերաբերմունք: Բայց կարողացա մինչեւ վերջ անպարտելի մնալ՝ հաղթելով նաեւ մրցավարությանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Վրաստանից ասաց Թբիլիսիում անցկացված վրացի լեգենդար ըմբիշներ Վախթանգ Բալավաձեի եւ Գիվի Կարտոզիայի անվան միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր դարձած Վոլոդյա Ֆրանգուլյանը:

Վրաստանի մայրաքաղաքում Վոլոդյա Ֆրանգուլյանը ոսկե մեդալ նվաճեց ազատ ոճի մրցաշարի 65 կգ քաշային կարգում: Նախորդ ամիս Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում Ֆրանգուլյանը բրոնզե մեդալակիր էր դարձել 61 կգ քաշային կարգում, որն օլիմպիական չէ:

Վոլոդյա, շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ: Ինչպե՞ս տրվեց այս հաղթանակն այդօրինակ մրցավարության պայմաններում:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Հաղթելը բարդ էր, քանի որ անտանելի մրցավարություն էր: Ամեն ինչ, ամեն հնարավոր բան արվում էր, որ միավոր կորզեին, որ հաղթանակն իմը չլիներ: Շատ վատն էր մրցավարությունը, ուղղակի բոլոր գոտեմարտերի ընթացքում փորձում էի չկենտրոնանալ այդ փաստի վրա: Պարզապես ցանկանում էի լավ գոտեմարտել եւ այնպես անել, որ չկարողանային հաղթանակներս գողանալ: Մի քանի անգամ, իհարկե, փորձեր եղան: Իմ միավորները եւ մաքուր հաղթանակը չշնորհեցին ինձ, բայց միեւնույն է, կարողացա հաղթել, ինչի համար շատ ուրախ եմ, որ նրանց մոտ ոչինչ չստացվեց:

Ինչպե՞ս կգնահատես մարզավիճակդ եւ ի՞նչ կասես մրցակիցներիդ մասին:

Լավ մարզավիճակում եմ: Եվրոպայի առաջնությունից հետո, կարծես, ավելացրել էի: Մրցակիցներս բոլորն էլ ուժեղ էին՝ փորձառու ըմբիշներ: Ինձ համար բարդ էր գոտեմարտել իմ քաշային կարգից բարձր մրցմանը: Բոլոր չորս գոտեմարտերս անցել են շատ դժվար ու լարված պայքարում: Ուրախ եմ, որ կարողացա անպարտելի մնալ:

Ի՞նչ տվեց քեզ այս հաղթանակը:

Ցանկացած մրցաշարում լավ հանդես գալուց եւ հաղթողի կոչումը նվաճելուց հետո մարզիկն ավելի է կատարելագործվում եւ փորձ ձեռք բերում: Այս հաղթանակից հետո ավելի վստահ եմ իմ ուժերին եւ մտածում եմ միայն օգոստոսին Ֆրանսիայում կայանալիք աշխարհի առաջնությունում լավ հանդես գալու մասին: Ամեն ինչ կանեմ Ֆրանսիայում եւս մեդալ նվաճելու համար:

Եվրոպայի առաջնությունում հանդես եկար 61 կգ քաշային կարգում, որը ոչ օլիմպիական է: Այս մրցաշարում մասնակցեցիր 65 կգ քաշային կարգում: Աշխարհի առաջնությունում ո՞ր քաշային կարգում հանդես կգաս:

Իմ քաշային կարգը 61-ն է եւ ես աշխարհի առաջնությունում կմասնակցեմ հենց այդ քաշային կարգում: Քաշս դեռ չեմ փոխի:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։