Արթուր Պետրոսյան. Իրատես եւ լավատես եմ, այս խաղից հետո ոչինչ չի փոխվելու

08:00   11 հունիսի, 2017

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Չեռնոգորիա - Հայաստան խաղից հետո (4:1) ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Պոդգորիցա քաղաքի «Գրադսկի» ստադիոնում տեղի ունեցած հետխաղային մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին, փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը (ffa.am).

Չկարողացաք վնասազերծել Ստեւան Յովետիչին, թեեւ երեկ ասում էիք, որ փորձելու եք չեզոքացնել։

Շնորհավորում եմ Չեռնոգորիայի հավաքականին արժանի հաղթանակի կապակցությամբ։

Իրոք, այն ինչ պլանավորել էինք, չկարողացանք կատարել։ Իսկ Յովետիչն էլ ապացուցեց, որ բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Պլանավորելը մեկ բան է, կատարելը` ուրիշ։

Ի՞նչն էր այսօրվա եւ նախորդ երեք խաղերի տարբերությունը

Որ ասեմ, թե ցանկություն չկար, դա այդպես չէ։ Զիջեցինք պայքարում, որը որոշիչ էր այսօր։ Առաջին գոլից հետո մենք ունեինք գոլ խփելու հնարավորություններ եւ չօգտագործեցինք, իսկ երկրորդ գոլից հետո, Չեռնոգորիան լիովին վերահսկում էր խաղը եւ ինչ-որ նախատեսել էինք չկարողացանք իրականացնել։

Դուք ասել էիք, որ եկել եք այստեղ երեք միավորի համար։ Այժմ չեք կարծո՞ւմ, որ երեւանյան հանդիպումը պատահականություն էր:

Իհարկե պատահականություն չէր։ Երկրորդ խաղակեսում մենք արժանի խաղ ցուցադրեցինք։ Դա ցանկություն էր, աշխատանք էր եւ այստեղ պատահականություն չեմ տեսնում։ Ես միշտ ասել եմ, որ մենք ճանապարհի սկզբին ենք եւ պետք է շատ շատ աշխատենք, որպեսզի կարողանանք պինդ բարձրակարգ թիմ դառնանք։ Ես իրատես եւ լավատես եմ, եւ այս խաղից հետո ոչինչ չի փոխվելու։ Ես երբեք չեմ ասել, որ մենք մասնակցելու ենք աշխարհի առաջնությանը, քանի որ լավ գիտեմ թե մենք ով ենք, որտեղից ենք եկել եւ ինչ է մեզ սպասում։ Այս պարտությունը չի շեղի մեզ մեր ճանապարհից։ Իսկ այդ ճանապարհին լինելու են եւ հաղթանակներ եւ պարտություններ, եւ եթե պարտությունից հետո կորցնենք մեր լավատեսությունը, ոչ մի բանի չենք հասնի։

Ելնելով այն ֆուտբոլիստներից, որոնց ունենք մեր տրամադրության տակ, մենք ընտրել էինք համապատասխան մարտավարությունը։ Այսօրվա խաղի մասին կարելի է ասել, որ տղամարդիկ երիտասարդների դեմ էին խաղում։

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։