ԱԱ-2018. Յովետիչի հեթ-տրիկն ու Հայաստանի հավաքականի խոշոր պարտությունը Չեռնոգորիայում (ֆոտո)

00:34   11 հունիսի, 2017

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 10-ին առաջին պարտությունը կրեց Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ (3 անընդմեջ հաղթանակներից հետո): Աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրի խաղում հայկական թիմը հյուրընկալվեց Չեռնոգորիայի հավաքականին եւ պարտվեց 1:4 հաշվով: Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ իսպանական «Սեւիլիայի» հարձակվող Ստեւան Յովետիչը:

Պոդգորիցայի «Գրադսկի» ստադիոնում կայացած խաղն անհաջող սկսվեց Հայաստանի հավաքականի համար: Արդեն երկրորդ րոպեին դաշտի տերերի՝ ձախ եզրով անցկացված գրոհն ավարտվեց դարպասի գրավումով: Հաշիվը բացեց Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Ֆատոս Բեչիրայը: Հայաստանի թիմը խաղում էր 4-1-4-1 տակտիկական սխեմայով: Խաղի սկզբնամասն անցնում էր հավասար ու կոշտ պայքարում: Հյուրերը մրցակցի դարպասի ուղղությամբ առաջին հարվածը կատարեցին 8-րդ րոպեին, երբ Ռուսլան Կորյանի հարվածից հետո Դանիել Պետկովիչն առանց մեծ դժվարության վերցրեց գնդակը: Չեռնոգորիայի հավաքականը սկզբնամասում պրեսինգի չէր դիմում մրցակցի կիսադաշտում, իսկ սեփական կիսադաշտում ազատ տարածություններ չէր տալիս հյուրերին: Հայաստանի հավաքականն առաջին գոլային պահն ունեցավ 15-րդ րոպեին, երբ Մարկոս Պիզելին կորցրեց սուր անկյունից դարպասը գրավելու հնարավորությունը: Հայաստանի հավաքականն աստիճանաբար ստացավ տարածքային առավելություն եւ խաղը տեղափոխեց մրցակցի կիսադաշտ: 19-րդ րոպեին Հայաստանի թիմի դարպասի մոտ եղավ շատ վտանգավոր պահ: Արսեն Բեգլարյանն ու Տարոն Ոսկանյանը չհասկացան իրար, ինչից օգտվեց հայ պաշտպանին արագությամբ գերազանցած Ֆատոս Բեչիրայը, բայց Ոսկանյանը վերջին պահին շտկեց իրավիճակը՝ հեռացնելով գնդակ: Հայաստանի հավաքականը հաճախ մրցակցի դարպասին սպառնում էր հեռվից հարվածներով, որոնք շատ վտանգավոր չէին ստացվում: Հանդիպումը սպասարկող հոլանդացի մրցավար Կեւին Բլումը թույլ էր տալիս պայքարել, սակայն, ամեն դեպքում, կանոնների խախտումները բավական շատ էին: Չեռնոգորիայի հավաքականը խաղում էր երկրորդ համարով, իսկ հյուրերը չէին կարողանում խաղային առավելությունը վերածել գոլային պահերի: 28-րդ րոպեին գնդակը երկրորդ անգամ հայտնվեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասաում: Հաշիվը կրկնապատկեց դաշտի տերերի առաջատար Ստեւան Յովետիչը: Երկրորդ գոլից հետո դաշտի տերերն ակտիվացան եւ մի քանի անգամ անհանգստացրին Հայաստանի հավաքականի պաշտպանությանը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գրեթե աննկատ էր առաջին խաղակեսում: Խաղակեսի վերջնամասում հյուրերը գրեթե չէին գրոհում, իսկ Չեռնոգորիայի թիմը ստեղծեց եւս մի քանի գոլային պահեր: 45-րդ րոպեին հաշիվը կարող էր դառնալ 3:0, եթե Ֆատոս Բեչիրայի հարվածից հետո գնդակը չդիպեր դարպասաձողին: Թիմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի ժամանակ: 

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Հայաստանի հավաքականը կատարում էր գրոհ կազմակերպելու փորձեր եւ մրցակցի կիսադաշտում կորցրեց գնդակը, իսկ Բալկանյան թերակղզին ներկայացնող թիմը հակագրոհի արդյունքում խփեց երրորդ գոլը: Հակագրոհը սկսեց Չեռնոգորիայի հավաքականի ամենավտանգավոր խաղացող Ստեւան Յովետիչը, որին հայ պաշտպաններն անհասկանալի ազատություն ու հարվածելու հնարավորություն տվեցին սեփական տուգանային հրապարակի մոտ: Դա այն էր, ինչ պետք էր իսպանական «Սեւիլիայի» հարձակվողին՝ 3:0: Երրորդ գոլից հետո խաղի տեմպը բավական ցածր էր: Հայաստանի հավաքականի գրոհները հույսեր չէին ներշնչում: 73-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո դաշտի տերերի դարպասապահը հետ մղեց գնդակը, բայց վրա հասած Կամո Հովհաննիսյանի հարվածը բարձր ստացվեց: Դա հայկական թիմի վերջին վտանգավոր գրոհը չէր այս խաղում, իսկ տանտերերը շուտով խփեցին նաեւ չորրորդ գոլը: 82-րդ րոպեին Ստեւան Յովետիչը շրջադարձ հարվածով դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 4:0: 89-րդ րոպեին Ռուսլան Կորյանը, փոխանցում ստանալիս գտնվելով խաղից դուրս վիճակում, կրճատեց հաշիվը, բայց դա Չեռնոգորիայի հավաքականին չխանգարեց առանց դժվարության խաղը հասցնել հաղթական ավարտի եւ ռեւանշի հասնել նախորդ տարվա նոյեմբերին Երեւանում կրած 2:3 հաշվով պարտության համար:

Տպավորություն կար, որ Չեռնոգորիայի հավաքականն ավելի լավ է ուսնումնասիրել մրցակցին, քան Հայաստանի թիմը: Եթե Հենրիխ Մխիթարյանի հանդեպ դաշտի տերերը լուրջ հսկողություն էին սահմանում եւ չէին տալիս ազատություն, ապա Ստեւան Յովետիչի դեպքում այլ էր: Հայ ֆուտբոլիստները կարծես չգիտեին, թե ում դեմ են խաղում եւ ինչ վտանգ սպասել Յովետիչից, որն էլ միայնակ վճռեց խաղի ելքը: 

E խմբի մյուս խաղերում Դանիայի հավաքականն Ալմաթիում 3:1 հաշվով հաղթեց Ղազախստանի թիմին, իսկ լեհերը Ռոբերտ Լեւանդովսկու հեթ-տրիկի շնորհիվ տնային հաղթանակ տարան Ռումինիայի նկատմամբ՝ 3:1:

6-րդ տուրից հետո Լեհաստանն ունի 16 միավոր, Չեռնոգորիան ու Դանիան՝ 10-ական, Հայաստանն ու Ռումինիան՝ 6-ական, իսկ Ղազախստանը՝ 2:

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 1-ին՝ հյուրընկալվելով Ռումինիային:

ԱԱ-2018, ընտրական մրցաշար

E խումբ, 6-րդ տուր

Չեռնոգորիա - Հայաստան՝ 4:1

Ֆատոս Բեչիրայ, 2, Ստեւան Յովետիչ, 28, 54, 82 – Ռուսլան Կորյան, 89

Չեռնոգորիա. Դանիել Պետկովիչ (ՄՏԿ, Հունգարիա), Ադամ Մարուշիչ («Օստենդե», Բելգիա), Ստեֆան Սավիչ («Աթլետիկո», Իսպանիա), Մարկո Շիմիչ («Ռոստով», Ռուսաստան), Ժարկո Տոմաշեւիչ («Օստենդե», Բելգիա, Էրմա Կլիմենտա, 75), Մարկո Յանկովիչ («Պարտիզան», Սերբիա), Նիկոլա Վուկչեւիչ («Բրագա», Պորտուգալիա, Ալեքսանդր Շեկիչ, 71), Վլադիմիր Յովովիչ («Սպարտակ», Սուբոտիցա, Սերբիա, Սեադ Հակշաբանովիչ, 85), Նեբոյշա Կոսովիչ («Պարտիզան», Սերբիա), Ֆատոս Բեչիրայ («Դինամո», Մոսկվա, Ռուսաստան), Ստեւան Յովետիչ («Սեւիլիա», Իսպանիա):

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Հրայր Մկոյան  (Արտակ Եդիգարյան 46), Տարոն Ոսկանյան, Գաել Անդոնյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Գրիգորյան, Մարկոս Պիզելի (Տիգրան Բարսեղյան, 73), Հենրիխ Մխիթարյան, Կամո Հովհաննիսյան, Արաս Օզբիլիս (Էդգար Մանուչարյան, 59), Ռուսլան Կորյան:

Լեհաստան Ռումինիա՝ 3:1

Ռոբերտ Լեւանդովսկի, 29 (11մ), 57, 62 (11մ) - Բոգդան Ստանչու, 77

Ղազախստան – Դանիա՝ 1:3

Իսլամբեկ Կուակ, 76 – Նիկոլայ Յորգենսեն, 27, Կրիստիան Էրիկսեն, 57 (11մ), Կասպեր Դոլբերգ, 81

Հեռացում՝ Բուիրժան Իսլամհան, 43 (Ղազախստան)  

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։