21:06 10 հունիսի, 2017Թբիլիսիում հունիսի 10-ին մեկնարկած միջազգային մրցաշարի առաջին օրը հայ ըմբիշները նվաճեցին ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ: Մեկնարկային օրը մեդալներ վիճարկվեցին ազատ ոճի 57, 65, 74, 97 կգ ու հունահռոմեական ոճի 59, 71, 80, 98 կգ քաշային կարգերում:
Ազատ ոճի մրցաշարի 65 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը նվաճեց ոսկե մեդալ, իսկ Նարեկ Սիրունյանն արժանացավ բրոնզե մեդալի: Նախորդ ամիս Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում Ֆրանգուլյանը բրոնզե մեդալ էր նվաճել 61 կգ քաշային կարգում, որն օլիմպիական չէ:
74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը պարտվեց միայն եզրափակիչում եւ դարձավ արծաթե մեդալակիր, իսկ 57 կգ Գարիկ Բասեղյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Հունահռոմեականների մրցաշարում Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) հանդես եկավ 80 կգ քաշային կարգում եւ արժանացավ արծաթե մեդալի:
Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 3 տպավորիչ հաղթանակ տանելուց հետո դուրս եկավ 98 կգ քաշային կարգի եզրափակիչ, որտեղ հանդիպեց վրացի Ռեւազ Նադարեիշվիլիի հետ: Գոտեմարտի ավարտից 50 վայրկյան առաջ մրցագորգի հարեւանությամբ տեղի ունեցավ քաշքշուկ, ինչի պատճառով Արթուր Ալեքսանյանը մի պահ հեռացավ գորգից, իսկ մրցավարները հաղթանակը շնորհեցին վրացի ըմբիշին: Այդ պահին Ալեքսանյանը պարտվում էր 1:2 հաշվով: Վրացի ըմբիշին շնորհվեց եւս 2 միավոր ու հաղթանակ, իսկ գոտեմարտը չշարունակվեց: Հայաստանի թիմի մարզիչները փորձեցին բողոքարկել, սակայն մրցավարները չփոխեցին իրենց որոշումը:
Արթուր Ալեքսանյանը նաեւ որակազրկվեց եւ զրկվեց նաեւ արծաթե մեդալից:
Վրացի լեգենդար ըմբիշներ Վախթանգ Բալավաձեի եւ Գիվի Կարտոզիայի անվան մրցաշարի հաղթողները կստանան 1000 դոլար, արծաթե մեդալակիրները՝ 800, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 500:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.