Դավիթ Թորոսյան. 4-5 ամսում երկնքից աստղեր չէի կարող իջեցնել (ֆոտոշարք)

23:48   6 հունիսի, 2017

Դեռեւս 4-5 ամիս է, ինչ աշխատում եմ թիմի հետ եւ այս կարճ ժամանակում չէի կարող աստղեր իջեցնել երկնքից: Եվրոպայի առաջնությունում ամեն ինչ կանենք լավ հանդես գալու համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը: Թիմը պատրաստվում է հունիսի 14-17-ը Ուկրաինայի Խարկով քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Բռնցքամարտիկները Դավիթ Թորոսյանի եւ հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ հունիսի 1-12-ը ուսումնամարզական հավաք են անցկացնում Երեւանի «Օլիմպավանում»: Հավաքին մասնակցում է 22 մարզիկ, որոնցից 8-ը կմեկնեն Խարկով:

«Պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը: Մեկնելուց առաջ վերջին եւ գլխավոր հավաքն ենք անում: Արդեն որոշված է նաեւ կազմը. 49 կգ քաշային կարգում հանդես կգա Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ՝ Նարեկ Աբգարյան, 60 կգ՝ Կարեն Տոնականյան, 64 կգ՝ Հովհաննես Բաչկով, 69 կգ՝ Գոռ Երիցյան, 75 կգ՝ Արման Դարչինյան, 81կգ՝ Նարեկ Մանասյան եւ +91 կգ՝ Գուրգեն Հովհաննիսյան:

Բռնցքամարտիկների մարզավիճակն այս պահին, կարծում եմ՝ վատ չէ: Լիարժեք մարզավիճակի հասնելու համար ժամանակը շատ քիչ է: Հնարավորինս ամեն բան անում ենք, որ լավ մասնակցենք, մեր երկրի պատիվը բարձր պահենք: Ես դեռեւս մի քանի ամիս է, ինչ վերանշանակվել եմ հավաքականի ավագ մարզիչի պաշտոնում եւ 4-5 ամսում չէի կարող աստղեր իջեցնել երկնքից: Ապագայի միտումներով եմ սկսել աշխատանքս հավաքականում, քանի որ լավ բռցնքամարտիկներ ունենք, շատ լավ մարզիկներ կան»,- ասաց Դավիթ Թորոսյանը:

Թե երբ հայ բռնցքամարրտիկները կկարողանան հավակնել Եվրոպայի առաջնության ոսկե մեդալների, ավագ մարզիչը վստահ է, որ դրա համար երկարատեւ աշխատանք է պահանջվում:

«Չեմպիոն դառնալու հնարավորություններ մեր մարզիկներն ունեն, կարող են, ուղղակի երկարատեւ աշխատանք է պահանջվում, ինչի ժամանակը մենք չունենք: Հնարավորություններ էլ այդքան չկան: Բայց հնարավորության սահմանում ամեն ինչ անում ենք, որ լավ հանդես գանք, չզիջենք: Բոլորն էլ կարող են, բոլորն էլ շատ լավն են: Չէի ցանկանա այս պահին որեւէ մեկին առանձնացնել եւ ասել, թե նրանից մեծ ակնկալիք ունեմ: Մեդալի խոստումներ էլ չենք կարող տալ: Մեդալների մասին կխոսենք այն ժամանակ, երբ այդ մեդալները նվաճենք»,- նկատեց Դավիթ Թորոսյանը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն առաջին անգամ է հավաք անցկացնում «Օլիմպավանում», թեեւ կառոույցը բացվել է 2015թ. սեպտեմբերի 29-ին:

«Շատ լավ է անցնում այստեղ հավաքը. պայմանները, մարզագույքը լավն են: Դահլիճը միջազգային ստանդարտներին համապատասխան է: Ես եւ մեր ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը մեր լուման ունենք այս դահլիճի կահավորման եւ դիզայնի հարցում: Այստեղ ցանկանում էին մեկ ռինգ տեղադրել, ես պահանջեցի երկուսը: Բացի այդ ցանկանում էին հատակին հավասար դնել ռինգերը, բայց ես որոշեցի, որ ռինգերը պետք է հատակից բարձր լինեն, որպեսզի բռնցքամարտիկները մարզադահլիճային մարզումների ընթացքում զգան ներքեւից եկող ճնշումն այնպես, ինչպես դա զգում են մրցումների ընթացքում: Հարմար է մարզումների համար: Տղաներն իրենց լավ են զգում լավ մարզագույքով եւ լավ պայմաններում մարզվելիս»,- նշեց ավագ մարզիչը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։