Grazie Capitano. Հռոմը հրաժեշտ տվեց լեգենդին (ֆոտոշարք)

23:01   28 մայիսի, 2017

Հռոմի «Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին մայիսի 28-ին անցկացրեց պրոֆեսիոնալ կարիերայի վերջին խաղը: Դա տեղի ունեցավ «Ջենոայի» դեմ A Սերիայի 38-րդ տուրի խաղում, որում «Ռոման» հաղթեց 3:2 հաշվով եւ դարձավ Իտալիայի փոխչեմպիոն:

Հռոմում կայացած խաղում իտալացի հարձակվողը փոխարինման դուրս եկավ 54-րդ րոպեին, երբ հաշիվը 1:1 էր: «Օլիմպիկո» ստադիոնն ամբողջությամբ ողողված էր նրան նվիրված պաստառներով ու իտալացու մարզաշապիկներով: Հրաժեշտի ժամանակ Տոտին չկարողացավ զսպել արցունքները:

Հիշեցնենք, որ 40-ամյա Տոտին ամբողջ կարիերան անցկացրել է «Ռոմայում», որի կազմում նորամուտը նշել է 1993-ին: Սա նրա 786-րդ պաշտոնական խաղն էր իտալական ակումբի կազմում: Այդ խաղերում նա խփել է 307 գոլ եւ դարձել 123 գոլային փոխանցման հեղինակ: A Սերիայում Տոտին անցկացրել է 619 հանդիպում եւ այդ ցուցանիշով հավասարվեց Ջանլուիջի Բուֆոնին ու զիջում է միայն Պաոլո Մալդինիին (647 խաղ):

Տոտին դարձել է Իտալիայի չեմպիոն (2001-ին), կրկնակի գավաթակիր ու սուպերգավաթակիր: Իտալիայի ազգային հավաքականի կազմում հարձակվողը 1998-2006-ն անցկացրել է 58 խաղ եւ դարձել 9 գոլի հեղինակ, իսկ 2006-ին հռչակվել է աշխարհի չեմպիոն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։