Հենրիխ Մխիթարյան. Բոլորն ասում էին, որ գոլ եմ խփելու եզրափակիչում

01:57   25 մայիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի կազմում Եվրոպայի լիգայի գավաթակիր դառնալուց հետո կիսվել է տպավորություններով: Հայաստնաի հավաքականի ավագի գոլի օգնությամբ անգլիական ակումբը եզրափակիչում 2:0 հաշվով հաղթեց Ամստերդամի «Այաքսին» եւ նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

«Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած առաջին մրցաշրջանում խփեցի 11 գոլ, ինչի համար շնորհակալ եմ թիմակիցներիս: Առանց նրանց չէի կարող այսքան գոլ խփել: Ավելի երջանիկ եմ, որ գոլ խփեցի եզրափակիչում: Բոլորն անդադար ասում էին, որ պետք է անեմ դա: «Սելտայի» դեմ կիսաեզրափակիչի պատասխան խաղից հետո ամեն օր երազում էի եզրափակիչում գոլի հեղինակ դառնալում մասին: Եվ ես արեցի դա թիմակիցներիս շնորհիվ:

Շատ երջանիկ եմ ու ոգեւորված: Ասելու շատ բան չունեմ, շատ հաճելի պահ է հիմա:

Մենք պայքարում էինք Պրեմյեր լիգայում եւ Եվրոպայի լիգայում: Պրեմյեր լիգայում չկարողացանք նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր, բայց Եվրոպայի լիգայում ներդրեցինք բոլոր ուժերը, որպեսզի հաջորդ մրցաշրջանում խաղանք Չեմպիոնների լիգայում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է BT Sport-ը:

Հիշեցնեենք, որ Հենրիխ Մխիթարյանը 6 գոլով դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն Եվրոպայի լիգայի այս մրցաշարում: Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում կայացած պարգեւատրության արարողությունից հետո հայ կիսապաշտպանը հայկական եռագույնով շրջում էր խաղադաշտում եւ թիմակիցների հետ տոնում հաղթանակը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։