Արմեն Մկրտչյանը՝ Սերբիայից. Բոլորս տրամադրված ենք հաղթանակի

18:10   4 մայիսի, 2017

Պետք է մեդալներ ունենանք Եվրոպայի առաջնությունում: Մեդալների համար ենք եկել: Ափսոսում եմ Գրիգոր Գրիգորյանի համար, նա այսօր պետք է ոսկու համար պայքարեր, ոչ թե բրոնզի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սերբիայից ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը:

Նովի Սադ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (74 կգ)  կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար:

Կիսաեզրափակիչում Գրիգոր Գրիգորյանը լարված պայքարում 6:8 հաշվով պարտվեց թուրք Սոմեր Դեմիրտասին: Իսկ Վոլոդյա Ֆրանգուլյանը 1:11 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Ախմեդ Չակաեւին: Հայ ըմբիշները մի քանի ժամից դուրս կգան մրցագորգ:

«Այսօր Գրիգոր Գրիգորյանն ու Վոլոդյա Ֆրանգուլյանը լավ դրսեւորեցին իրենց: Ինձ զայրացրեց միայն Գրիգոր Գրիգորյանը, քանի որ նա պետք է եզրափակիչում ոսկու համար պայքարեր, այլ ոչ թե բրոնզի: Վոլոդյա Ֆրանգուլյանը կիսաեզրափակիչում արդար պայքարում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող ըմբիշին: Ախմեդ Չակաեւը ուժեղ ըմբիշ էր: Իսկ Գրիգոր Գրիգորյանը իր սխալի պատճառով զրկվեց ոսկու համար գոտեմարտից: Հույս ունեմ, որ բրոնզե մեդալի համար պայքարում գոնե հետ կբերի իր կորցրածը եւ մեդալով կավարտի մրցելույթը Եվրոպայի առաջնությունում:

Տղաները լիովին պատրաստ են գոտեմարտերին: Բոլորս տրամադրված ենք հաղթանակի, մեդալների, քանի որ այդ նպատակով ենք այստեղ: Ճիշտ է, ոչ բոլորի մոտ է ստացվում հաղթել, գնալ մեդալի, բայց հույսներս չենք կորցնում, մի օր բոլորի մոտ էլ կստացվի: 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը մեկնարկում իր տակտիկական սխալի պատճառով պարտվեց: Դժգոհ եմ 97 կգ քաշային կարգը ներկայացնող Գեորգի Կետոեւից: 86 կգ քաշայինների պայքարում Վահե Թամրազյանը լավ հնարավորություն ուներ, բայց նորից չկարողացավ եւ ձեռքից բաց թողեց շանսը: 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը եւս չկարողացավ լավ հանդես գալ»,- մեկնաբանեց Արմեն Մկրտչյանը:

Բրոնզե մեդալի համար Գրիգոր Գրիգորյանը կգոտեմարտի հույն Կիրիլոս Բինենմպաումի հետ, իսկ Վոլոդյա Ֆրանգուլյանն ուժերը կչափի թուրք Աբդի Զուրնաչիի հետ: Ըստ Արմեն Մկրտչյանի, երկու հայ ըմբիշներն էլ հաղթելու մեծ հնարավորություն ունեն:

«Պետք է կռվեն, պայքարեն: Ամեն ինչ պետք է անեն, որ բրոնզներն իրենցը լինեն: Յուրաքանչյուր հաղթանակն էլ բարդ է տրվում, չես կարող ասել, թե անպայման կհաղթեն: Բոլորն էլ ուժեղ են: Ոչ ոք չի եկել այստեղ պարտվելու կամ հաղթանակը մրցակցին նվիրելու կամ ուղղակի ժամանակ անցկացնելու համար: Այնպես որ բարդ է լինելու, բայց մեդալ պետք է ունենանք:

Հիմա տղաները հանգստանում են, հոգեբանորեն պատրաստվում են գորգ դուրս գալուն: Իրենց շատ լավ են զգում եւ հույս ունենք, որ ամեն ինչ հաջող է ավարտվելու»,- նշեց ավագ մարզիչը:

Մրցավարության մասին էլ հավաքականի ավագ մարզիչը նշեց, որ հայերի նկատմամբ որեւէ կողմնակալ կամ անարդար մրցավարություն չի նկատել:

«Ամեն ինչ շատ նորմալ է, չկա մեր նկատմամբ որեւէ անարդար վերաբերմունք: Գրիգոր Գրիգորյանի գոտեմարտերից մեկում շատ միավոր տվեցին մրցակցին, մենք բողոքարկեցինք եւ արդարացի միավորները հետ վերցրեցին: Այնպես որ ամեն ինչ մեր տղաների ձեռքում է»,- ասաց Արմեն Մկրտչյանը:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.