Ռոնալդու. «Ռեալը» ցուցադրեց անկրկնելի ֆուտբոլ

14:09   3 մայիսի, 2017

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է «Աթլետիկոյի» նկատմամբ վստահ հաղթանակը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում: «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում կայացած խաղում Արքայական ակումբը 3:0 հաշվով հաղթել էր պորտուգալացի հարձակվողի հեթ-տրիկի շնորհիվ:

«Պետք է շնորհավորել ամբողջ թիմին, որը պարզապես անկրկնելի խաղ ցուցադրեց: Մենք լավ խաղացինք առաջինից մինչեւ վերջին րոպեն, իսկ գոլերը դրա արդյունքն էին: Մենք արժանի էինք հաղթանակի: Եթե չլիներ Յան Օբլակը, կխփեինք ավելի շատ գոլեր:

Լավ առավելություն ունենք պատասխան խաղից առաջ, սակայն ոչինչ դեռ հայտնի չէ: «Աթլետիկոն» շատ ուժեղ թիմ է: Ինչ վերաբերում է ստադիոնի ծափահարություններին, ես պարզապես ցանկանում եմ, որ երկրպագուները չսուլեն: Այդ ժամանակ կշարունակեմ նրանց համար անել այն ամենը, ինչն իմ ուժերի սահմանում է»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ 32-ամյա Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, որը հեթ-տրիկի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի 2 խաղերում անընդմեջ: Նա «Ռեալում» գոլերի քանակը հասցրել է 400-ի եւ շարունակում է գլխավորել ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակը:

Պորտուգալիայի հավաքականի ավագը 7-րդ հեթ-տրիկն էր ձեւակերպել Չեմպիոնների լիգայում եւ կրկնել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ցուցանիշը: Բացի այդ, Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, որը 20 գոլ է խփում «Ռեալի» ու «Աթլետիկոյի» միջեւ մադրիդյան դերբիում: Պորտուգալացի հարձակվողը նաեւ 52-րդ գոլը խփեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումներում, ինչը եւս ռեկորդային ցուցանիշ է:

«Ռեալի» ու «Աթլետիկոյի» միջեւ պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 10-ին «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.