Հայաստանի առաջնությունում թույլ լողորդները շատ են. Հավաքականի մարզիչ (ֆոտոշարք)

15:08   28 ապրիլի, 2017

Հայաստանի առաջնության մասնակիցների քանակը գոհացնող է, բայց արդյունքները բավարար չեն: Թույլ մարզիկները շատ են:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց լողի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը:

Երեւանի «Գրանդ սպորտ» համալիրում մեկնարկել է լողի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում է 130 լողորդ: 

Մրցումային առաջին օրը լողորդները մրցեցին 5 մրցաձեւում՝ 50 մետր ազատ ոճ, 100 մետր բրաս, 100 մետր թիկնալող, 400 մետր ազատ ոճ եւ 4x50 մետր փոխանցումալող: 

50 մետր ազատ ոճում տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոն դարձավ Վահան Մխիթարյանը, կանանց պայքարում՝ Վարսենիկ Մանուչարյանը, 100 մ բրասում՝ Լեւոն Վարդանյանը եւ Էլեն Եսայանը, 100 մ թիկնալողում՝ Մայք Բրաունը ու Անի Պողոսյանը, 400 մ ազատ ոճում՝ Գեւորգ Մարկոսյանն ու Վարսենիկ Մանուչարյանը, իսկ վերջում ակումբները պայքարի դուրս եկան փոխանցումալողում (4x50 մ): Տղամարդկանց թիմերից հաղթող ճանաչվեց «Գրանդ սպորտը», իսկ կանանց պայքարում՝ «Ակվա-լենդը»:

Առաջնությանը ներկա էր Հայաստանի սպորտի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը, ով լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանում լողը զարգացում է ապրում, քանի որ առաջնությանը մասնակցում են 130 լողորդներ:

Հավաքականի գլխավոր մարզիչին 130 լողորդների մասնակցության քանակն այդքան էլ չի զարմացնում:

«Չէի ասի, թե սա ամենաբարձր ցուցանիշն է մասնակիցների քանակով, քանի որ ավելի մեծաթիվ մասնակցություններ էլ ենք ունեցել: Բայց ուրախացնող է, որ այսքան մասնակիցներ ունենք, քանի որ այսպես ստեղծվում է արդար պայքար՝ չնայած արդյունքներն ինձ չեն գոհացնում, ցածր են: Դրա պատճառներից մեկն այն է, որ առաջնությունում շատ են թույլ մասնակիցները: Պետք է խստացնենք Հայաստանի առաջնության մասնակցության պայմանները, որպեսզի թույլ մարզիկներ չմասնակցեն: Բայց հույսս չեմ կորցնում, որ գնալով բոլոր մրցատարածություններում էլ մեր մարզիկների մոտ աճ կգրանցվի: Դեռ երկու օր ունենք առաջնությանը եւ հույս ունեմ, որ լողորդներն իրենց արդյունքները կբարելավեն»,- ասաց Միսակ Գաբրիելյանը:

Ի դեպ, Հայաստանի առաջնությանը Ռիո-2016-ի օլիմպիականներից մասնակցում է միայն Վահան Մխիթարյանը, ով NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ շարունակում է լողի կարիերան: Ռիո-2016-ում Հայաստանի մյուս օլիմպիականը՝ Մոնիկա Վասիլյանը, ավարտել է մարզական կարիերան եւ զբաղվում է մրցումների կազմակերպչական հարցերով: Նրա խոսքով՝ Ռիոյում ստացած ձեռքի վնասվածքի պատճառով չի կարող շարունակել լողորդի կարիերան:

Առաջնությանը ներկա էր նաեւ Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած Միքայել Քոլոյանը: Նա նույնպես չի մարզվում, եւ ֆեդերացիայում աշխատում է որպես մարզիչ: Առաջնության ընթացքում Քոլոյանը մեծ ակտիվությամբ զբաղվում էր կազմակերպչական աշխատանքներով:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։