Արմեն Մկրտչյան. Եվրոպայի առաջնությունում մեդալներ կունենանք

20:24   25 ապրիլի, 2017

Կան ըմբիշներ, որ ֆիզիկապես եւ տեխնիկապես ուժեղ են, բայց հոգեբանորեն պատրաստ չեն հաղթանակների։ Փորձում եմ յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերել, հոգեբանորեն համոզել, որ կարող է հաղթել եւ պետք է հաղթի, գնում է՝ չեմպիոն դառնալու։

Այս մասին NEWS.am Sport-ի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը: Եվրոպայի առաջնությունից առաջ թիմը վերջին հավաքն է անցկացնում Աբովյանի մարզաբազայում։

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա մայիսի 2-8-ը Սերբիայում։ Հայաստանը կներկայացնեն Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Պարոն Մկրտչյան, մի քանի օրից Եվրոպայի առաջնությունն է։ Ի՞նչ մարզավիճակում են ըմբիշները։

Այժմ թիմն Աբովյանում է։ Եվրոպայից առաջ վերջին հավաքն անցնում է լավ, երիտասարդների հետ ։ Մեզ միացել են երիտասարդների չեմպիոններն ու փոխչեմպիոնները՝ 10-12 մարզիկ, որպեսզի օգնեն մեզ, իրենց փորձն ավելացնեն։ Ես փորձելու եմ միշտ երիտասարդներին պահել մեզ հետ, որպեսզի կարողանան աճել։

Սա Եվրոպայից առաջ մեր վերջին մարզումային փուլն է։ Սրանից առաջ մեծ համատեղ հավաք ունեցանք Վլադիկավկազում։ Հիանալի մարզաբազա ուներ այդ քաղաքը, ես այդտեղ առաջին անգամ էի լինում։ Շատ լավ պայմաններ կային, բոլոր հարմարությունները ստեղծված էին։

Ո՞ր երկրների թիմերն էին մասնակցում հավաքին եւ ինչի՞ վրա էիք շեշտը դրել։

Մեզ հետ հավաք էին անցկացնում ռուսները, գերմանացիները, եւս մի քանի թիմեր։ Լավ մարզիկներ կային։ Շատ մեծ հավաք էր, մի մարզման ընթացքում ունեինք 130 մարզիկ։ Նույնիսկ հանում էինք մի քանիսին, որ հնարավոր լիներ մարզվել։ Զույգերի առումով խնդիր չունեցանք, ինչը շատ լավ էր մեր թիմի համար։ Մեզ հենց դա էր պետք, որ զույգերով ու ուժեղ ըմբիշներով մարզվենք։ Այս հավաքի նպատակը ֆիզիկական եւ տեխնիկական բազա հավաքելն էր։ Այնպես էր դրված շեշտը, որ հայ ըմբիշները պետք է ամեն ինչ փորձեն, սխալներ էլ թույլ տան եւ այդ սխալների վրա հասկանան, թե որտեղ են թերանում։

Տեխնիկայի վրա էլ շատ աշխատեցինք, որպեսզի ըմբիշներն իրենք իրենց ուժերի վրա վստահություն ձեռք բերեն եւ մրցման ժամանակ վստահ հնարքներ անեն։

Արդեն հասել ենք նախապատրաստական փուլի ավարտին, արդեն մարզվում ենք կոնկրետ գոտեմարտերի վրա։ Այս փուլում մարզիկները վերջնական մարզավիճակի են հասնում, քաշ են գցում, գորգի վրա ենք աշխատում, հնարքների ու տեխնիկայի վրա։ Բացի այդ, այս փուլում մարզիկները նաեւ հոգեբանորեն պատրաստվում են գորգ դուրս գալու եւ հաղթելու։

Պարոն Մկրտչյան, կունենա՞նք Եվրոպայի առաջնության մեդալակիր։  

Կունենանք, իհարկե։ Առաջ չեմ ուզում ընկնել, բայց կունենանք։ Ըմբիշները միշտ չեն սիրում կանխատեսումներ անել եւ այս դեպքերում ասում են՝ գորգը ցույց կտա։ Հոգեբանորեն, տեխնիկապես, ֆիզիկապես փորձում եմ բոլորին պատրաստել, տրամադրել, տանել դեպի հաղթանակը, մեդալը։

Աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանը ե՞րբ կվերադառնա հավաքական։

Եվրոպայի այս առաջնությունը Դավիթը բաց կթողնի: Դրանից հետո պարզ կլինի՝ նա շարունակելու է մարզական կարիերան, թե ոչ։ Շատ կուզենայի անձամբ տեղեկանալ նրա ապագա ծրագրերին, ցանկություններին, բայց դեռեւս կապ չենք հաստատել։ Կարծում եմ, նա էլ կարող է մեկ անգամ զանգել եւ տեղեկանալ, թե ինչ է անում մարզիչը եւ իր հետ կապված ինչ ծրագրեր ունի։ Գիտեմ, որ նա չի ավարտել իր մարզական կարիերան, նման հայտարարությունով հանդես չի եկել։ Ես պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ աշխատել, ով ցանկություն ունի։ Պատրաստ եմ բոլորին հնարավորություն տալ, ով սիրում է այս մարզաձեւը։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։