Ֆաբիո Կապելո. Սերխիո Ռամոսի կարմիր քարտն արդարացի էր

15:07   25 ապրիլի, 2017

Իտալացի հայտնի մասնագետ Ֆաբիո Կապելոն խոսել է Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» միջեւ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի խաղի մասին:

«Սերխիո Ռամոսին կարմիր քարտ ցույց տալը ճիշտ որոշում էր: Տեսեք, թե ինչպես տապալվեց Մեսին: Ամեն անգամ, երբ Մադրիդն ու «Բարսելոնան» խաղում են «Սանտյագո Բերնաբեուում», «Ռեալի» որոշ ֆուտբոլիստներ դաշտ են դուրս գալիս Մեսիին շարքից դուրս հանելու առաջադրանքով:

Ռոնալդուն հրաշալի ֆուտբոլիստ է, իսկ Մեսին հանճար է: Նա անհավանական խաղ է ցուցադրում: Մեսին միայնակ առաջ տարավ թիմին:

Իսպանիայի առաջնության չեմպիոնական պայքարը շարունակվում է: «Ռեալը» ֆունկցիոնալ լավ է պատրաստված, սակայն նրանք 2 բարդ հանդիպում ունեն Չեմպիոնների լիգայում: Այդ մրցաշարի խաղերը «Ռեալին» կարող են զրկել էներգիայից»,- «Ռեալի» նախկին մարզիչի խոսքը մեջբերում է Fox Sports-ը:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած Սուպերկլասիկոյում կատալոնական ակումբը կամային հաղթանակ էր տարել 3:2 հաշվով: Ավելացված ժամանակում Լիոնել Մեսին 500-րդ գոլն էր խփել «Բարսելոնայի» կազմում՝ հաղթանակ պարգեւելով հյուրերին եւ դառնալով նաեւ դուբլի հեղինակ: «Բարսելոնան» վաստակել էր 75 միավոր եւ հավասարվել «Ռեալին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Կատալոնացիներն Արքայական ակումբին գերազանցում են թե՛ իրար միջեւ խաղերի, թե՛ խփած եւ բաց թողած գոլերի ցուցանիշով: Պրիմերայի առաջին շրջանում թիմերը ոչ ոքի էին խաղացել Բարսելոնայում (1:1):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։