Չեմպիոնների լիգա. «Յուվենտուսն» ու «Մոնակոն» կիսաեզրափակիչում են

00:38   20 ապրիլի, 2017

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի վերջին երկու ուղեգրերը նվաճեցին Թուրինի «Յուվենտուսն» ու «Մոնակոն»:

Կատալոնական «Բարսելոնան» տանը եւս ոչինչ չկարողացավ հակադրել Իտալիայի չեմպիոններին՝ 0:0:

Առաջին խաղակեսում «Յուվենտուսը» հստակ պաշտպանվեց, Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասի մոտ իրական գոլային պահեր կատալոնական թիմի ֆուտբոլիստները գրեթե չստեղծեցին, իսկ հյուրերը փորձում էին նաեւ սուր հակագրոհել: Մինչեւ ընդմիջում դարպասի գրավում չգրանցվեց: Երկրորդ խաղակեսում էլ խաղի պատկերը գրեթե չփոխվեց: Մեսին մի քանի անգամ հարվածեց դարպասի ուղղությամբ, բայց բոլորն էլ շեղ էին: Ամբողջ խաղի ընթացքում «Բարսելոնան» դարպասին հարվածեց մեկ անգամ, իսկ «Յուվենտուսը»՝ չորս անգամ:

Առաջին խաղում 3:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ «Յուվենտուսը» հաղթահարեց «Բարսելոնայի» արգելքը եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի նաեւ Ֆրանսիայի առաջնության առաջատար «Մոնակոն», որը դուրս թողեց Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան»՝ պատասխան խաղում հաղթելով 3:1 հաշվով:

«Մոնակոն» 18-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի եւ կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի գոլերի շնորհիվ արդեն 17-րդ րոպեին առջեւում էր 2:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում «Բորուսիան» գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսի գոլի շնորհիվ կրճատեց հաշվի տարբերությունը, բայց ավելին անել Թոմաս Տուխելի գլխավորած թիմը չկարողացավ: Իսկ դաշտի տերերը վերջնամասում եւս մեկ անգամ հասան հաջողության: Աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Վալեր Ժերմենը, որը փոխարինել էր Մբապեին:

Դորտմունդում տեղի ունեցած առաջին խաղում «Մոնակոն» հաղթել էր 3:2 հաշվով:

Հիշեցնենք, որ նախորդ օրը կիսաեզրափակիչ էին դուրս եկել Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն»:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 0:0 (առաջին խաղ՝ 0:3)

«Մոնակո» (Ֆրանսիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 3:1 (առաջին խաղ՝ 3:2)

Կիլիան Մբապե, 3, Ռադամել Ֆալկաո, 17, Վալեր Ժերմեն, 81 – Մարկո Ռոյս, 48



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։