Մոուրինյո. Ոչ մեկի հանգիստ չէինք տրամադրել, այլ ընտրել էինք «Չելսիի» դեմ ամենահամապատասխան կազմը

10:19   17 ապրիլի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է հաղթանակը Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ Անգլիայի առաջնության 33-րդ տուրում: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում մնաց պահեստայինների նստարանին:

«Մենք ոչ մեկի հանգիստ չէինք տրամադրել, այլ ընտրել էինք «Չելսիի» դեմ խաղի համար ամենահամապատասխան կազմը: Կիրառեցինք նույն մարտավարությունը, որը «Չելսիի» դեմ ունեցել էին Անգլիայի Գավաթի խաղում: Այն ժամանակ 11 ֆուտբոլիստներով մենք լիովին վերահսկում էինք խաղը, եւ միայն Էրերայի հեռացումը շանս տվեց «Չելսիին» առավելություն ստանալ: Ես բացարձակ վստահ եմ, որ մենք կլինեինք Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչում, եթե թիմերը մնային հավասար կազմերով:

Մենք գիտեինք, որ եթե այս անգամ խաղանք նույն ոճով, ապա մրցակցի համար շատ բարդ կլինի: Ես շատ գոհ եմ մեր թիմի խաղից եւ արդյունքից: «Մանչեսթեր Սիթիի» եւ «Լիվերպուլի» հաղթանակները մեզ թույլ չէին տալիս նույնիսկ ոչ ոքիի մասին մտածել»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն:

«Մանչեսթեր Յունայթեդը» 31 խաղից հետո 60 միավորով 5-րդ տեղում է եւ 32 հանդիպում անցկացրած «Մանչեսթեր Սիթիին» զիջում է 4 միավոր:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.