16:47 17 հուլիսի, 2012Լիլիթ Մկրտչյանի հետ դժվարանում եմ խաղալ, մենք միշտ մեր պարտիաներն ավարտում ենք ոչ ոքի արդյունքով:
Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց այսօր` հուլիսի 17-ին Ջերմուկում մեկնարկած ՖԻԴԵ Գրան պրի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային գրոստմայստեր, Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը:
Առաջին տուրում Դանիելյանը խաղում է հենց Լիլիթ Մկրտչյանի հետ։
Այս մրցաշարով Էլինա Դանիելյանը կավարտի ելույթը Գրան պրիի այս շրջափուլում, քանի որ սա նրա չորրորդ մասնակցությունն է:
«Ջերմուկում անցկացվող կանանց Գրան պրին վերջինն է ինձ համար այս ցիկլում: Կարծում եմ, որ կկարողանամ լավ խաղալ Ջերմուկում: Նախորդ` Կազանի Գրան պրիում ես հավաքեցի վեց միավոր` չորս հաղթանակ եւ երկու ոչ ոքի: Վերջին պարտիաներում առաջատարի դիրքս զիջեցի, քանի որ արդեն բավական հոգնած էի: Կարծում եմ` հոգնածությունն ինձ խանգարեց: Կազանի Գրան պրին երկար մրցում էր` ընդամենը երկու հանգստյան օրով: Բայց դա ոչինչ չի նշանակում»,- Ջերմուկի մրցաշարի մեկնարկից առաջ ասաց Էլինա Դանիելյանը:
Էլինա Դանիելյանն իր մարզավիճակի մասին նախընտրում է խոսել մրցումի ավարտից հետո: Ասում է`միայն արդյունքները կարող են ցույց տալ, թե ինքն ինչ մարզավիճակում է:
«Բոլորն էլ ուժեղ են, բոլորն էլ ֆավորիտ են: Դժվար է նախապես կանխատեսումներ անել: Ինչպես խաղը կստացվի, ում կողմից հաջողությունը կլինի, նա էլ կհաղթի: Այս մասին վստահ եմ ասում, քանի որ իսկապես բոլոր 12 մասնակիցներն էլ ուժեղ են: Ես այստեղ թույլ կամ թերի խաղացող չեմ տեսնում: Իսկ դա նշանակում է` սպասվում են բավական բարդ խաղեր բոլորիս համար: Ընդհանրապես շատ ուժեղ մրցում է: Այն, որ խաղալու է աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանը, չեմպիոնի հավակնորդ Համպի Կոներուն դրանով արդեն բարդ է»,- նշեց Էլինա Դանիելյանը:
Հիշեցնենք, որ այս պարտիայում հայ շախմատիստուհիները` Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը կխաղան միմյանց հետ:
Թե ինչ խաղ է սպասվում երկու հայ շախմատիստուհիների միջեւ, Էլինա Դանիելյանը չի ցանկանում կանխատեսումներ անել:
«Իրականում մենք չենք կարողանում իրար հետ խաղալ: Դժվար է Լիլիթի հետ խաղալը: Տեսնենք, թե ինչ կստացվի: Երկար տարիներ է իրար հետ ենք հանդես գալիս մրցաշարերում, հավաքականի անդամներ ենք, իրար կողք ենք նստում, այս ամենը մեզ խանգարում է փորձել մեր ուժերը միմյանց դեմ: Բայց սա մեր առաջին հանդիպումը չէ: Որոշ մրցաշարերում խաղացել ենք ես եւ Լիլիթը եւ մշտապես խաղն ավարտել ոչ ոքի արդյունքով: Հուսամ, այս պարտիան էլ կավարտենք ոչ ոքի արդյունքով: Սա ոչ թե մեր կամքով է, այլ իսկապես մեր ուժերը հավասար են: Եվ ես դժվարանում են Լիլիթի հետ խաղում առավելությամբ ավարտել պարտիան»,- նկատեց Էլինա Դանիելյանը:
Առաջին տուրում խաղում են.
Համպի Կոներու (Հնդկաստան) – Ժաո Սյուե (Չինաստան)
Լուֆեյ Ռուան (Չինաստան) – Կատերինա Լահնո (Ուկրաինա)
Հոու Յիֆան (Չինաստան) – Մունգունտուուլ Բատհույագ (Մոնղոլիա)
Էլինա Դանիելյան (Հայաստան) – Լիլիթ Մկրտչյան (Հայաստան)
Նինո Խուրցիձե (Վրաստան) - Յու Վենյուն (Չինաստան)
Եկատերինա Կովալեւսկայա (Ռուսաստան) – Նադեժդա Կոսինցեւա (Ռուսաստան)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.