14:46 8 ապրիլի, 2017Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի 2017թ. չեմպիոն՝ նվաճելով առաջին չեմպիոնական տիտղոսը մեծահասակների պայքարում:
Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 105 կգ քաշային կարգում 20-ամյա ծանրորդը երկամարտում հավաքեց 414 կգ (184+230) եւ նվաճեց նաեւ պոկում ու հրում վարժությունների ոսկե մեդալները:
Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում 17 կգ գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած բուլղարացի Վասիլ Գոսպոդինովին: Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը 386 կգ (181+205) արդյունքով գրավեց չորրորդ տեղը, իսկ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը 7-րդն էր՝ 375 կգ (165+210):
Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Բեջանյանը զրո ստացավ պոկում վարժությունում, բայց հետո արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում՝ բարձրացնելով 221 կգ:
Սա Հայաստանի երրորդ մեդալն էր Եվրոպայի առաջնությունում: Ավելի վաղ բրոնզե մեդալ էին նվաճել Սոնա Պողոսյանը (75 կգ) ու Տաթեւ Հակոբյանը (90 կգ):
Ապրիլի 8-ին մրցահարթակ դուրս կգան նաեւ Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչները՝ գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.