23:40 6 ապրիլի, 2017Հույս չունեինք, որ Սոնա Պողոսյանը մեդալ կնվաճի: Մենք կանխատեսում էինք չորրորդ տեղ, բայց հաջողությունը ժպտաց մեր մարզուհուն:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ընթացող ծանրամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար բրոնզե մեդալ է նվաճել Սոնա Պողոսյանը: 75 կգ քաշայինների պայքարում նա երկամարտում հավաքել է 227 կգ (101+126):
Պարոն Ներսիսյանը, ինչպե՞ս կգնահատեք Սոնայի մասնակցությունը: Մեդալ ակնկալո՞ւմ էիք:
Մեկ անգամ էլ թող հայի բախտը բերի, ի՞նչ կլինի որ, անպայման պետք է կռիվ տալով մեդալ նվաճենք... Սա, իհարկե, որպես կատակ, բայց իրականում մենք Սոնա Պողոսյանից մեդալի ակնկալիք չունեինք: Գիտեինք՝ ովքեր են մասնակիցերը, ով, ինչի է ընդունակ: Այստեղ գալուց էլ գիտեինք, որ մեր իսկական տեղը չորրորդն է, լավագույն դեպքում մեր մրցակիցների վրիպելու դեպքում միայն մեդալ կունենանք: Եվ այդպես էլ եղավ: Ֆավորիտներից մեկը 0 ստացավ:
Օլիմպիական խաղերից հետո շատ փոփոխություններ կան, շատ ուժեղ մարզուհիներ բացակայում են, կիլոգրամները նվազել են, այդքան էլ մեծ ու լարված պայքար չի գնում, արդյունքների տարբերությունը շատ է: Օրինակ՝ այս քաշային կարգում Հռիփսիմե Խուրշուդյանը բարձրացրել է 125 կգ պոկում, 155-160 կգ հրում: Մեր աղջիկներն ավելի ուժեղ են եղել նախկինում: Օրինակ՝ Մելինե Դալուզյանը 18 տարեկանում արդեն աշխարհի մրցանակակիր էր, 19 տարեկանում արդեն աշխարհի ռեկորդակիր էր: 69 կգ-ում Նազիկ Ավդալյանը 147 կգ էր բարձրացնում, այսօր 135-ով Եվրոպայի չեմպիոն են դառնում: Այնպես որ այս Եվրոպայի առաջնությունում կիլոգրամներն ավելի համեստ են, պայքարը՝ նույնպես:
Հրում վարժության վերջին մոտեցումը ձախողեց Սոնան, ի՞նչն էր պատճառը:
Սոնան չկարողացավ 128 կգ հրումը կատարել: Կարծում եմ՝ մեդալ նվաճելուն հոգեբանորեն պատրաստ չլինելն էր: Մեր մարզուհին քաշի հետ կապված մի փոքր խնդիր ուներ: Նա նաեւ անձնական քաշի խնդիր ուներ՝ քաշ էր գցել: Մարզումների ժամանակ 128 կգ բարձրացրել էր: Բայց վերջին մոտեցման նա դուրս եկավ չափազանց հանգիստ, վստահ լինելով, որ իր առջեւ դրված խնդիրը՝ չորրորդ տեղն ինքն ապահովել է, եւ նա դուրս չի գալիս պայքարի մեդալի համար: Կարծում եմ՝ հենց այդ հանգստությունը նրան խանգարեց: Ես համոզված եմ, եթե Սոնան հասկանար, որ այդ մոտեցումով պայքարում է մեդալի համար, նա կբարձրացներ 128 կգ-ն:
Պարգեւատրության ժամանակ բոլոր մեդալակիրներն իրենց երկրների դրոշներով էին, բացի Սոնա Պողոսյանից:
Մենք չէին կարծում, որ Սոնա Պողոսյանը երրորդ տեղ կզբաղեցնի, մեդալ կվերցնի, այդ պատճառով դրոշ չկար: Բայց իրականում դրոշն այդքան էլ կարեւոր չէ. կարեւորը՝ մեդալով ենք վերադառնալու Հայաստան: Դրոշ չունեինք, բայց մենք էլ գերբ ունեինք Սոնայի կրծքին:
Սա Սոնա Պողոսյանի առաջին մեդալն էր մեծահասակների կազմում: Օլիմպիական բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը լավ փոխարինող ունի՞:
Միանշանակ, այո: Սոնա Պողոսյանը Եվրոպայի ապագա չեմպիոն է, Հռիփսիմե Խուրշուդյանի նման այս քաշային կարգում նա եւս կարող է մեծ հաջողություններ ունենալ, եթե ամեն ինչ նորմալ լինի, շարունակի նույն ոգով մարզվել, վիճակը կայուն լինի: Սոնան խոստումնալից մարզուհի է:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.