Գեւորգ Ղազարյանը վիրահատվել է եւ չի խաղա առնվազն 6 ամիս

13:02   30 մարտի, 2017

Ղազախստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում ծնկի ծանր վնասվածք ստացած Գեւորգ Ղազարյանը վիրահատվել է Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Հայաստանի հավաքականի եւ պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպանը պատմել է, որ նախնական տվյալներով խաղադաշտից բացակայելու է առնվազն 6 ամիս:

«Ինչպես եւ սպասվում էր, բուժզննումը ցույց տվեց, որ վիրահատության կարիք կա: Երեկ վիրահատվեցի: Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ անցավ: Բարեբախտաբար, մենիսկիս հետ ամեն ինչ նորմալ է, կողային կապանը եւս վիրահատության կարիք չուներ: Վիրահատել են միայն խաչաձեւ կապանս, որը վնասվել էր առջեւից եւ հետեւից: Նախնական տվյալներով՝ վերականգնմանս համար կպահանջվի առնվազն 6 ամիս՝ կախված վերականգնման ընթացքից: Անկախ տեղի ունեցածից հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, եւ, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային իմ՝ Գերմանիա մեկնելու եւ վիրահատվելու գործընթացն արագ կազմակերպելու համար: Շնորհակալ եմ նաեւ իմ խաղընկերներին եւ հատկապես երկրպագուներին, որոնցից ստանում եմ քաջալերանքի բազմաթիվ խոսքեր եւ որոնց աջակցությունը զգացել եմ առաջին իսկ րոպեից մինչեւ հիմա»,- Ղազարյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ղազարյանը ղազախների հետ խաղի առաջին րոպեին վնասվածքը ստացել էր մրցակցի դարպասապահի հետ բախվելու հետեւանքով եւ անմիջապես տեղափոխվել հիվանդանոց:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.