Championat.com. Ծանր վիճակահանությունն ու ահավոր մեկնարկը չսպանեցին Հայաստանի թիմի երազանքը

20:10   28 մարտի, 2017

Championat.com-ը գնահատել է հետխորհրդային երկրների ֆուտբոլային հավաքականների հնարավորությունները 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգրերի համար պայքարում:

Պարբերականն արժանին է մատուցել Հայաստանի ազգային հավաքականին, որը մարտի 26-ին Երեւանում 2:0 հաշվով պարտության մատնեց Ղազախստանի թիմին՝ տանելով երկրորդ անընդմեջ հաղթանակն ընտրական մրցաշարում:

«Հայաստանի թիմը ցույց տվեց, թե ինչպես պետք է արձագանքել մեկնարկային անհաջողություններին: Ծանր վիճակահանությունն ու ահավոր մեկնարկը (երեք անընդմեջ պարտություն) չսպանեցին Հայաստանի թիմի երազանքը: Վարուժան Սուքիասյանի հեռանալուց հետո Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ հայ ֆուտբոլիստները մատուցեցին տպավորիչ քամբեկ Չեռնոգորիայի դեմ խաղում՝ 3:2, եւ վստահ հաղթանակ ղազախների նկատմամբ՝ 2:0:

E խմբում թիմերի խտությունն այնքան մեծ է, որ նույնիսկ 5-րդ տեղում գտնվող թիմը դեռ կարող է հավակնել երկրորդ տեղի: 5-րդը հենց Հայաստանն է, իսկ 6-րդ տեղում գտնվող Ղազախստանն ունի ընդամենը 2 միավոր»,- գրում է կայքը:

E խմբի 5-րդ տուրից հետո Հայաստանի եւ Ռումինիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Դանիան ու Չեռնոգորիան՝ 7-ական միավոր: Առաջատարը Լեհաստանն է՝ 13 միավոր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։