21:31 16 հուլիսի, 2012Աստված երրորդություն է սիրում եւ ես վստահ եմ, որ երրորդ անգամ հայ շախմատիստները ոսկե մեդալներով կվերադառնան օլիմպիադայից, Ջերմուկում շախմատի կանանց Գրան պրի մրցաշարի բացման արարողության ժամանակ հայտարարեց ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իրլյումժինովը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։
«Ամեն անգամ գալով Հայաստան ՝ ես եւ ՖԻԴԵ-ի բոլոր անդամները զգում ենք, թե որքան կարեւոր եւ սիրված է շախմատը այստեղ: Բացի ուժեղ շախմատիստներից, Հայաստանը առանձնանում է նաեւ շախմատի հանդեպ հասարակության ուշադրությունով:
Ուրախ եմ, որ Հայաստանում շախմատը այսքան սիրված է: Գուցե դա էլ հանդիսացավ գլխավոր շարժառիթը, որ ՖԻԴԵ-ն որոշեց Հայաստանին հանձնել կանանց Գրան պրին անցկացնելու հնարավորությունը: Պատահական չէ, որ Հայաստանը շախմատը դարձրեց հանրակրթական պարտադիր առարկա դպրոցներում:
Մեկ ամսից Թուրքիայում կմեկնարկի Համաշխարհային օլիմպիադան: Աստված երրորդություն է սիրում, եւ ես վստահ եմ, որ երրորդ անգամ հայ շախմատիստները ոսկե մեդալներով կվերադառնան օլիմպիադայից»,- նշեց Կիրսան Իրլյումժինովը:
Հուլիսի 16-28-ը Ջերմուկում աշխարհի յոթ երկրներից ներկայացած 12 ուժեղագույն շախմատիստուհիներ կպայքարեն աշխարհի չեմպիոնի տիտղոսի եւ չեմպինուհու հավանորդի կոչման համար: Հայաստանում արդեն երկրորդ անգամ անցկացվող միջազգային մրցաշարը կազմակերպվում է ՖԻԴԵ-ի եւ «Գլոբալ Չեսս»-ի հովանու ներքո:
Հանդիսավոր արարողությամբ ուշ երեկոյան Ջերմուկում բացվեց կանանց Գրան պրի մրցաշարը:
Կանանց Գրան պրին բացվեց Հայաստանի հիմնով, ապա միմյանց հաջորդեցին յոթ մասնակից երկրների հիմները:
Կայացավ նաեւ մրցաշարի վիճակահանությունը, որի համար կազմակերպիչները պատրաստել էին բեմադրություն: Յուրաքանչյուր մասնակից իր համար ընտրեց շախմատային զինվոր: Զինվորները թագադրեցին իրենց մասնակիցներին, իսկ թագերի ետնամասում պահված էր մասնակիցների համարները:
Պատվավոր հյուրերի բացման խոսքից հետո մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը շարունակվեց համերգային ծրագրով:
Առաջին տուրը կկայանա վաղը` հուլիսի 17-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.