Մարկոս Պիզելի. Ինձ համար շատ հետաքրքիր կլինի խաղալ ղազախների դեմ

15:31   23 մարտի, 2017

Ինձ համար շատ հետաքրքիր կլինի նրանց դեմ խաղալը, քանի որ Ղազախստանում լավ ժամանակահատված եմ ունեցել եւ գիտեմ ֆուտբոլիստներից շատերին:

Այս մասին հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ հունական «Քսանտիի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է Ղազախստանի թիմի դեմ մարտի 26-ին Երեւանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական հանդիպման մասին:

Մարկոս, ի՞նչ կարծիք ունես ղազախական ֆուտբոլի մասին:

Ես շատ զարմացած էի ղազախական ֆուտբոլի մակարդակից, երբ նոր էի տեղափոխվել այնտեղ: Ղազախստանում կային 4-5 իրապես ուժեղ թիմեր, որոնք ունեին բոլոր պայմանները բարձրակարգ ֆուտբոլիստներ եւ մարզիչներ հրավիրելու համար: Այնպես որ, իմ կարծիքով, մակարդակը բավականին բարձր է, հատկապես առաջնության երկրորդ հատվածում, երբ լավագույն 6 թիմերը մրցում են միմյանց հետ: Ինձ թվում է՝ «Աստանան» ապացուցեց, որ ակումբային ֆուտբոլի մակարդակը Ղազախստանում բավականին բարձր է՝ երկու տարի անընդմեձ նվաճելով համապատասխանաբար Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի խմբային մրցաշարերի ուղեգիր:

Ղազախստանի ներկայիս հավաքականում կա՞ն ֆուտբոլիստներ, որոնց հետ խաղացել ես:

Իհարկե կան: Միայն 5 ֆուտբոլիստ, ում հետ խաղացել եմ «Ակտոբեում», կարծում եմ, հիմա էլ կլինեն կազմում: Դրական կողմն այն է, որ ես գիտեմ նրանց հնարավորությունները, բայց նրանք էլ իմ կարողություններին են ծանոթ: Ես կարծում եմ նրանցից Ստաս Պոկատիլովը, Յուրի Լոգվինենկոն եւ Սերգեյ Զինչենկոն կարող են խաղալ մեր դեմ:

Ի՞նչ սպասելիքներ ունես մոտակա խաղից:

Ինձ համար շատ հետաքրքիր կլինի նրանց դեմ խաղալը, քանի որ Ղազախստանում լավ ժամանակահատված եմ ունեցել եւ գիտեմ ֆուտբոլիստներից շատերին: Բացի դրանից, Չեռնոգորիայի հետ հանդիպումից հետո սա առաջին խաղն է: Մենք շատ մոտիվացված ենք եւ ցանկանում ենք կրկին ցուցադրել մեր լավագույն խաղը: Մենք խաղում ենք տանը, եւ Արթուր Պետրոսյանը նույնպես ուզում է վերադարձնել մեր հավաքականի լավագույն խաղը: Կարծում եմ՝ Ղազախստանն արդեն ապացուցել է, որ ուժեղ թիմ է՝ նախորդ խաղում ոչ-ոքի ավարտելով հանդիպումը Լեհաստանի հավաքականի հետ: Ինձ թվում է, որ փոքր մանրուքները կարող են որոշիչ դառնալ ղազախների հետ դիմակայությունում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։