Էդգար Մանուչարյան. Պարտավոր ենք շարունակել այն, ինչ սկսել ենք Չեռնոգորիայի հետ խաղում

11:58   22 մարտի, 2017

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է Ղազախստանի թիմի դեմ մարտի 26-ին Երեւանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական հանդիպման մասին ու հիշել ազգային թիմում իր նորամուտի խաղը:

Էդգար, Ղազախստանը պետք է որ առանձնահատուկ մրցակից լինի քեզ համար, քանի որ 13 տարի առաջ հենց նրանց դեմ խաղում ես նշել նորամուտդ Հայաստանի ազգային հավաքականում: Ի՞նչ հիշողություններ ունես այդ խաղից:

Այդ ժամանակ շատ երիտասարդ էի՝ ընդամենը 17 տարեկան, եւ շատ բաներ արդեն ջնջվել են հիշողությունիցս, բայց որոշ դրվագներ, իհարկե, հիշում եմ: Մինչեւ այդ խաղացել էի բոլոր տարիքային հավաքականներում, բայց ազգային հավաքականում խաղալն այլ պատասխանատվություն էր ու նաեւ մեծ պատիվ: Բավականին հետաքրքիր խաղ էր, որն ավարտվեց 3:3 հաշվով:

Ի՞նչ զգացողություններ ունես կրկին հավաքական հրավիրվելու կապակցությամբ:

Միշտ շատ մեծ ուրախությամբ եմ գալիս հավաքական: Կարոտել եմ խաղընկերներիս եւ այն մթնոլորտը, որ տիրում է հավաքականի խաղերի ժամանակ:

Ի՞նչ սպասելիքներ ունես առաջիկա խաղից:

Չեռնոգորիայի հետ խաղում տղաներն իսկական հրաշք գործեցին՝ խաղի վերջին վայրկյաններին կորզելով հաղթանակը: Հիմա պարտավոր ենք շարունակել այն, ինչ սկսել ենք այդ խաղի ժամանակ: Որքան էլ որ Ղազախստանի հավաքականի բավականին ուժեղ թիմ է, եթե մենք ցանկանում ենք դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, մենք պարտավոր ենք հաղթել եւ կրկին ուրախացնել մեր երկրպագուներին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.