01:29 2 մարտի, 2017«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա կատալոնական ակումբից: Այդ մասին 46-ամյա մասնագետը հայտնել է Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի խաղում «Սպորտինգին» 6:1 հաշվով հաղթելուց հետո:
«Հաջորդ մրցաշրջանից ես չեմ լինի «Բարսելոնայի» մարզիչը: Ինձ համար շատ ծանր որոշում է: Շատ եմ մտածել այս մասին»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:
Լուիս Էնրիկեն «Բարսելոնան» գլխավորել է 2014թ. մայիսին՝ կնքելով երեք տարվա պայմանագիր: Առաջին մրցաշրջանում նրա ղեկավարությամբ թիմը նվաճեց Իսպանիայի չեմպիոնի, գավաթակրի տիտղոսներն ու Չեմպիոնների լիգայի գավաթը: Հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն եւ գավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում չկարողացավ հաղթահարել Մադրիդի «Աթլետիկոյի» արգելքը:
Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» դուրս է եկել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ մայիսի 27-ին կխաղա «Ալավեսի» հետ: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում 0:4 հաշվով պարտվել է ՊՍԺ-ին: Պատասխան հանդիպումը Բարսելոնայում տեղի կունենա մարտի 8-ին: Իսպանիայի առաջնությունում թիմը 2 միավորի առավելություն ունի «Ռեալի» նկատմամբ, սակայն Արքայական ակումբը երկու հանդիպում քիչ է անցկացրել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.