Ըմբշամարտի ֆեդերացիայում որեւէ մարզիկի, մարզիչի աշխատավարձ, կրթաթոշակ, պարգեւավճար երբեք չի ուշացել (ֆոտո)

18:03   28 փետրվարի, 2017

Ըմբշամարտի ֆեդերացիայում որեւէ մարզիկի, մարզիչի աշխատավարձ, կրթաթոշակ, պարգեւավճար երբեք չի ուշացել եւ չի ուշանում: Մեր դաստիարակությունը թույլ չի տալիս, որ այս լուրերը տարածողներին դատի տանք: Մեր աշխատանքով եւ մեդալների քանակով կապացուցենք, իսկ ֆեդերացիայի գումարներն էլ ավելի են շատանալու:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը՝ հերքելով փետրվարի 28-ին մամուլում տարածված լուրերն այն մասին, թե ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը պատշաճ կերպով չի վարձատրում ֆեդերացիայի աշխատակիցներին, մարզիչներին եւ մարզիկներին:

Շրջանառվող լուրերը հերքելու համար ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, փոխնախագահ եւ հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ Սամվել Գեւորգյանը, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, երկրորդ մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը, Եվրոպայի մրցանակակիր Կարապետ Չալյանը հրավիրել էին մամուլի ասուլիս:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը նշեց, որ առավոտյան տհաճ անակնկալի է եկել, երբ կարդացել է լուրը:

«Շատ տհաճ պահ էր առավոտյան, երբ կարդացի հոդվածը, իրոք տհաճ էր, որովհետեւ, ասես, ուզենան այն մի լավն էլ փչացնեն: Թե ինչու, ոչ ոք չի հասկանում: Բոլորը լավ գիտեն, որ 2009 թվականից Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանն է: Այս բոլոր տարիներին մեր հավաքականը մասնակցել է մի շարք մրցաշարերի,  հաղթանակներ է ունեցել, մեր մարզչական շտաբը մինչեւ անգամ մերսող բժիշկը, պատշաճ վարձատրվում են, իրենց աշխատավարձերը ստանում են առանց ուշացումների: Առ այսօր մեր բոլոր խնդիրները լուծվել է եւ ցավալի է, որ ֆեդերացիայի նախագահի բարի գործը վարկաբեկվում է: Այս ինֆորմացիան սխալ է եւ նման խնդիր մենք չունենք: Ստախոսությունը լավ բան չէ: Լավը չգնահատել չի կարելի: Եթե այս ինֆորմացիան տարածողը մեր շրջապատից է, ուրեմն նա մարդ կոչվելու իրավունք չունի»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը: 

Ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գեւորգյանը տարածված լուրերը համարում է հերյուրանք:

«Վատ մարդկանց պետք էր, որ այսպիսի լուրեր տարածեին: Ուղղակի ծիծաղելի է, որ այդպիսի մարդուն այսպես վարկաբեկում են: Այս ամենը հերյուրանք է, պատվեր ինչ-որ մեկի կողմից»,- նշեց Սամվել Գեւորգյանը: 

Հրանտ Ենոքյանի պնդմամբ, եթե ֆեդերացիայի նախագահի կողմից կատարվող ֆինանսական ներդրումները չլինեին, եթե մարզիչներն ու մարզիկները աշխատավարձեր չստանային, այսքան մեդալներ ու հաղթանակներ չէին լինի:

«Ամեն տարի ֆեդերացիայի կողմից հաշվետվություն է լինում, թե որքան գումար ենք ծախսել տարվա ընթացքում: Գոյություն ունի կանոնակարգ. երբ մարզիկը դառնում է աշխարհի չեմպիոն, որքան գումար է ստանալու, օլիմպիական չեմպիոնը որքան է ստանալու եւ դեպք չի եղել, որ մարզիկներն իրենց հասանելիք գումարը չստանան: Ինչ վերաբերում է ուշացումներին, նման բան չի եղել երբեք: ֆեդերացիայում չի եղել մի պահանջ ու առաջարկություն, որը ներկայացվի Սամվել Կարապետյանին եւ լուծում չստանա: Գումարների ու ներդրումների շնորհիվ են մեր մեդալների քանակը ավելանում կամ առհասարակ մեդալներ լինում»,- մեկնաբանեց Հրանտ Ենոքյանը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Էմմա Ասատրյանի



© 2019 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։