Կարեն Աղամալյան. Դավիթ Թորոսյանին թողել եմ 5 օլիմպիականներով թիմ

22:40   16 փետրվարի, 2017

Երբ Դավիթ Թորոսյանը թողեց հավաքականը, մենք չունեինք ոչ մի օլիմպիական ուղեգիր։ Ես նրան հանձնում եմ մեդալներով եւ 5 օլիմպիականներով թիմ։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը` արձագանքելով NEWS.am Sport-ի «Դավիթ Թորոսյան. Կարեն Աղամալյանից «ժառանգություն» չեմ ստացել» հրապարակմանը։

Հիշեցնենք, որ հավաքականի նորանշանակ մարզիչի խոսքով Կարեն Աղամալյանից հավաքականն ընդունել է այն վիճակում, ինչպիսին թողել էր Եվրոպական խաղերից առաջ։

Կարեն Աղամալյանը արձագանքել է Դավիթ Թորոսյանի հայտարարությանը։

«2016 թվականի դեկտեմբերի 1-ի համագումարից հետո Դավիթ Թորոսյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ լավ ժառանգություն է ստացել ինձնից եւ կարող է լավ թիմ կառուցել դրա վրա։ Ես նույնիսկ զարմացա, որ Դավիթ Թորոսյանը դրական է արտահայտվել։ Բայց այսօր հակառակն է հայտարարում։ Ինձ փորձում են սադրել, բայց ես չեմ ենթարկվում այդ սադրանքներին։

Ինքս երբեք ոչ մի մարզիչի աշխատանք չեմ մեկնաբանում եւ գնահատում, քանի որ յուրաքանչյուր մարզիչ ունի իր ոճը։ Ինձ այն ժամանակ Թորոսյանի մասին շատ էին հարցեր տալիս, երբ նշանակվել էի գլխավոր մարզիչ, բայց երբեք չեմ մեկնաբանել։ Այսօր նա գնահատական է տալիս իմ աշխատանքին եւ հայտարարում, որ ոչ մի ժառանգություն չի ստացել ինձնից, թիմի հետ աշխատանքը սկսել է այնտեղից, որտեղ թողել էր։

Ես նրան թողել եմ 5 օլիմպիական ուղեգիր նվաճած եւ Օլիմպիական խաղերին մասնակցած բռնցքամարտիկներով թիմ։ Դավիթ Թորոսյանին հաջողություն եմ մաղթում մարզչական գործում եւ նոր հաղթանակներ»,- ասաց Կարեն Աղամալյանը։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։