Հայ մարզիչները մրցավարական քննություն կհանձնեն Մոսկվայում, կմեկնեն սեփական միջոցներով

23:00   10 փետրվարի, 2017

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի մարզիչները միջազգային մրցավարական կարգ ստանալու համար քննություն կհանձնեն Մոսկվայում, կմեկնեն սեփական միջոցներով:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի միակ 2-րդ կարգի միջազգային մրցավար Հակոբ Սերոբյանը:

«Փետրվարի 14-19-ը Մոսկվայում կայանալու է միջազգային մրցավարի կարգ ստանալու քննություն: Քանի որ Հայաստանն ունի 3 միջազգային կարգի մրցավար, այս տարվա քննությանը կմասնակցենք մի քանի մարզիչներով, որպեսզի մրցավարների քանակն ավելանա: Քննություն եմ հանձնելու ես, մեր մարզիչներից Տիգրան Պետրոսյանը, Փարիզում բնակվող մարզիչ Էլֆիկ Հովհաննիսյանը եւ ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արթուր Գյուրջինյանը: Մոսկվայում կայանալիք քննությունը տալիս է 4-րդ, 3-րդ եւ 2-րդ կարգ: Այսինքն՝ ամենաբարձր կարգը լինելու է 2-րդ»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

Քննությանը մասնակցելու եւ բարձր արդյունքներ գրանցելու համար մարզիչները պարապել են Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ:

«Երկար ժամանակ պարապել ենք: Մեր մարզիչներն ունեն բոլոր հնարավորությունները՝ լրացնել 2-րդ կարգը: Գիտելիքների մեծ պաշար ունեն, ես եմ նրանց հետ պարապել: Սա այնպիսի քննություն չի լինելու, որ մերոնք հնարավորություն ունենան հուշաթերթիկներից օգտվել: Մրցավարական գիտելիքները պետք է ուղեղիդ մեջ լինեն: Քննությունն անցնելու է 3 փուլով, որոնցից միայն մեկն է լինելու թեստային»,- նշեց գլխավոր մարզիչը:

Հակոբ Սերոբյանի փոխանցմամբ, հայ մարզիչները Մոսկվա են մեկնելու յուրաքանչյուրը սեփական գումարով: Իսկ հավաքականի մարզիչ Սոս Սարգսյանը, ով Հայաստանի միջազգային մրցավարներից մեկն է, հնարավորություն չունի կարգ լրացնել՝ ֆինանսի բացակայության պատճառով:

«Շատ եմ կարեւորում այս քննությունը, քանի որ մենք իսկապես միջազգային մրցավարների կարիք ունենք: Ափսոսում եմ միայն, որ հավաքականի մարզիչ Սոս Սարգսյանը չի մեկնելու մեզ հետ, չի մասնակցելու այս քննությանը: Պատճառը զուտ ֆինանսականն է: Բանն այն է, որ մրցավարական քննությանը մասնակցում ենք յուրաքանչյուրս սեփական միջոցներով: Սոս Սարգսյանի չմասնակցելու խոչընդոտը ֆինանսի բացակայությունն էր: Ի դեպ՝ Սոս Սարգսյանը 3-րդ կարգի միջազգային մրցավար է: Չգիտեմ՝ հայաստանյան մյուս ֆեդերացիաներում մարզիչները մրցավարական կարգ լրացնելու համար ինչ միջոցներով են մասնակցում քննություններին, բայց վստահ եմ, որ իրենց գրպանից չեն ֆինանսավորում երկրի համար միջազգային կարգի մրցավար դառնալու համար, այլ իրենց ֆեդերացիաներ են ապահովում այդ գումարները: Երեւի միայն մենք ենք, որ այդպես ենք վարվում»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Նշենք, որ մարմնամարզիկները նախապատրաստվում են Հայաստանի առաջնությանը, որը տեղի կունենա մարտի 2-4-ը Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։