Սպորտի նախարարությունը կկանոնակարգի արեւելյան մարտարվեստների ոլորտը

20:56   8 փետրվարի, 2017

Արեւելյան մարտարվեստների (կոնտակտային եւ ոչ կոնտակտային կարատեներ) ֆեդերացիաների, ակումբների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկումներ են տեղի ունեցել Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մոտ:

Հրաչյա Ռոստոմյանը ներկաներին տեղեկացրել է, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակվել եւ այժմ համաձայնեցման վերջնական փուլում է մարզաձեւերի, այդ թվում նաեւ արեւելյան մարտարվեստների, ֆեդերացիաների գործունեությունը կանոնակարգող համապատասխան օրենքի նախագիծը, հաղորդում է նախարարության կայքը:

«Այս ոլորտը վաղուց կանոնակարգման կարիք ունի, ինչն ի վերջո հնարավոր կլինի իրականացնել այդ օրենքի շնորհիվ: Այսօր մեր երկրում գործում են 200-ից ավելի տարաբնույթ անվանումներով կարատեների ֆեդերացիաներ, որոնց աշխատանքը հնարավոր չէ վերահսկել: Իսկ սա աղետալի երեւույթ է, քանի որ պարզ չէ՝ ում մոտ ինչ ուսումնամարզական ծրագրով եւ ինչ պայմաններում են մարզվում մեր երեխաները: Երեւույթին տալու ենք համակարգային եւ հստակ լուծում»,- ասել է նախարարը:

Մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչները նույնպես համակարծիք են եղել, որ ոլորտի կանոնակարգման անհրաժեշտություն կա, քանի որ համատեղ եւ միասնական չափորոշիչներով աշխատելու դեպքում հայ մարզիկների մասնակցությունը միջազգային մրցաշարերին եւ առաջնություններին նույնպես կանոնակարգված կլինի:

«Արեւելյան մարտարվեստները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում մեծ մասսայականություն են վայելում: Կանոնակարգելով ոլորտը՝ մենք կկարողանանք լուծել մի քանի խնդիր, նախ՝ առողջ ապրելակերպի տարածում եւ սպորտի մասսայականացում, եւ, իհարկե, մարզական բարձր արդյունքների նվաճում»,- նշել է Հ. Ռոստոմյանը:

Նախարարը առաջարկել է ներկաներին երկշաբաթյա ընթացքում մշակել եւ ներկայացնել արեւելյան մարտարվեստների խորհուրդների ստեղծման վերաբերյալ առաջարկություն՝ նշելով խորհրդի կազմը, կանոնակարգը, ՀՀ առաջնությունների անցկացման կարգը, մասնակիցների տարիքային խմբերը, անդամ ֆեդերացիաները, ակումբները եւ մյուս անդամ կազմակերպությունները:

«Կարեւորը կոնտակտային եւ ոչ կանտակտային կարատեների համար տարբերակված կազմակերպություններ ունենալն է, որոնք համակարգելու են կոնտակտային եւ ոչ կոնտակտային կարատեների գործունեությունը: Միայն այդ կազմակերպությունների հետ է համագործակցելու եւ դրանց է աջակցելու նախարարությունը»,- եզրափակել է նախարարը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։