Փաշիկ Ալավերդյան.Գոհ եմ Հայաստանի առաջնության արդյունքներից, բայց դրանք բավարար չեն միջազգային հարթակների համար

18:24   5 փետրվարի, 2017

Երեւանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը: Մրցումային վերջին օրը պայքարի էին դուրս եկել 105 եւ +105 կգ քաշայինները:

105 կգ քաշայինների պայքարում Հայաստանի չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը՝ 365 կգ երկամարտի արդյունքով (160+205), փոխչեմպիոն՝ Հակոբ Հարությունյանը` 310 կգ արդյունքով (140+170), լավագույնների եռյակը եզրափակել է  Դավիթ Յայլյանը՝ 270 կգ-ով՝ (120+150):

+105 կգ քաշայինների պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց Հայկ Հակոբյանը՝ երկամարտի 340 կգ արդյունքով(160+180),  երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Նազիկ Ավդալյանի եղբայր Հովհաննես Ավդալյանը՝ 321 կգ արդյունքով(146+175), 3-րդ տեղը զբաղեցրեց Արմեն Խուդավերդյանը՝ 320 կգ արդյունքով(140+180):

Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ամփոփեց Հայաստանի առաջնությունը:

«Գոհ եմ Հայաստանի առաջնության արդյունքներից, բայց այս արդյունքները բավարար չեն միջազգային հարթակների համար: Այս առաջնությունը փորձամրցում է նաեւ երիտասարդների համար: Ոմանք կհամալրեն ազգային հավաքականը: Այս առաջնությունում ինձ շատ գոհացրեց 105 կգ քաշային Սամվել Մարգարյանը: Նրան կփորձարկենք 94 կգ քաշային կարգում, եւ նա կարող է այս քաշում իսկապես լավ արդյունք բերել: Լավ արդյունք ցույց տվեց 85 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը: Նրանք երիտասարդական հավաքականից են եւ կարող են լավ օգուտ բերել մեծահասկների հավաքականին:

Մնացած քաշային կարգերի ներկայացուցիչների արդյունքները հանրապետության մակարդակով սովորական արդյունքներ են: Տարին դեռ նոր է սկսվում, շատ աշխատանք ու անելիքներ ունենք: Իսկ հավաքականի առաջատարները դեռ նոր պետք է իրենց ցույց տան: Այսպիսով՝ Սամվել Կարապետյանը, Արսեն Մարտիրոսյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Կարուշ Ղուկասյանը կլինեն մեծահասակների հավաքականում եւ նրանց կփորձարկենք Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում»,- ասաց գլխավոր մարզիչը:

Մյուս քաշային կարգերում Հայաստանի չեմպիոն են հռչակվել. Լեւոն Պողոսյան (56 կգ), Դավիթ Գասպարյան (62 կգ), Վանիկ Ավետիսյան (69 կգ), Ժորժ Եղիկյան (77 կգ) , Դավիթ Հովհաննիսյան (85 կգ), Կարուշ Ղուկասյան (94 կգ):

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.