«Չելսիի» ռեւանշն ու Ազարի արտակարգ գոլն «Արսենալին»

18:23   4 փետրվարի, 2017

«Չելսին» «Արսենալի» նկատմամբ ռեւանշի հասավ ֆուտբոլի Անգլիայի առաջնության առաջին շրջանում կրած 0:3 հաշվով պարտության համար: Պրեմյեր լիգայի 24-րդ տուրի կենտրոնական խաղը տեղի ունեցավ «Չելսիի» խաղադաշտում եւ ավարտվեց Անտոնիո Կոնտեի թիմի հաղթանակով՝ 3:1 հաշվով:

Խաղի սկզբնամասն անցում էր հավասար պայքարում: 13-րդ րոպեին «Չելսին» բացեց հաշիվը, սակայն գոլը ստացվեց սկանդալային: Տանտերերի իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն գոլի դրվագում օդային պայքարի ժամանակ արմունկով հարվածեց իր հայրենակից Հեկտոր Բելերինի գլխին, բայց մրցավարը կանոնների խախտում չտեսավ այդ դրվագում: Հարվածն այնքան ուժեղ էր, որ Բելերինը չկարողացավ շարունակել խաղը: Առաջին խաղակեսում «Արսենալն» ունեցավ հաշիվը հավասարեցնելու հնարավորություն, թեեւ թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, աչքի ընկնելով անհատական բարձր վարպետությամբ, կրկնապատկեց հաշիվը: Ազարը գնդակը ստացավ կենտրոնում եւ միայնակ «ճեղքեց» հյուրերի պաշտպանությունն ու հաշիվը դարձրեց 2:0: Այդ գոլից հետո «Չելսին» սկսեց խաղալ երկրորդ համարով, իսկ «Արսենալը» ստացավ տարածքային առավելություն, ինչը գոլի վերածել չէր հաջողվում: 85-րդ րոպեին գնդակը նաեւ երրորդ անգամ հայտնվեց հյուրերի դարպասում: Փոխարինման դուրս եկած Սեսկ Ֆաբրեգասն օգտվեց Պետր Չեխի սխալից եւ գրավեց իր նախկին թիմի դարպասը, բայց գոլը չտոնեց: Ավելացված ժամանակում «Արսենալից» հաշիվը կրճատեց փոխարինման դուրս եկած ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն:

«Չելսին» 59 միավորով առաջատարն է եւ 12 միավոր գերազանցում է «Արսենալին», որը մեկ խաղ պակաս անցկացրած «Տոտենհեմի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը:

Անգլիայի առաջնություն,  24-րդ տուր

«Չելսի» - «Արսենալ»՝ 3:1

Մարկոս Ալոնսո, 13, Էդեն Ազար, 53, Սեսկ Ֆաբրեգաս, 85 - Օլիվյե Ժիրու, 90+1

«Չելսի». Տիբո Կուրտուա, Սեզար Ասպիլիկուետա, Դավիդ Լուիս, Գերի Կեհիլ, Վիկտոր Մոզես (Կուրտ Զումա, 88), Մարկոս Ալոնսո, Ն՛Գոլո Կանտե, Նեմանյա Մատիչ, Էդեն Ազար (Սեսկ Ֆաբրեգաս, 84), Պեդրո (Վիլիան, 84), Դիեգո Կոստա:

«Արսենալ». Պետր Չեխ, Հեկտոր Բելերին (Գաբրիել, 13), Շկոդրան Մուստաֆի, Լորան Կոսելնի, Նաչո Մոնրեալ, Ֆրանսիս Կոկլեն (Օլիվյե Ժիրու, 65), Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլեն, Մեսութ Օզիլ, Ալեքս Իվոբի, Թեո Ուոլքոտ (Դենի Ուելբեկ, 70), Ալեքսիս Սանչես:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.