Վանիկ Ավետիսյան. Ես իմ կյանքից Ռիո-2016-ի էջը ջնջել եմ, ամեն ինչ սկսել նորից

17:46   3 փետրվարի, 2017

Ես իմ կյանքից Ռիո-2016-ի էջը ջնջել եմ, փակել եմ եւ ամեն ինչ սկսել նորից։ Այսօր դարձա Հայաստանի չեմպիոն, բայց դեռեւս պարզ չէ՝ իմ բարձրացրած կիլոգրամները որքանով կբավարարեն մեր մարզիչներին Եվրոպայի առաջնության համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի 2014 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, 69 կգ քաշայինների Հայաստանի նորընծա չեմպիոն Վանիկ Ավետիսյանը՝ երկամարտի 291 կգ արդյունքով (126 + 165)։

«Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց կրկին Հայաստանի չեմպիոն դառնալ, չնայած դժվարությամբ հաղթահարեցի։ Ուսահոդի լուրջ վնասված ունեի, մի փոքր էլ վատառողջ էի, նույնիսկ մի պահ ցանկանում էի հրաժարվել մասնակցությունից, բայց որոշեցի փորձել սեփական ուժերս։ Հայաստանի առաջնությունից 15 օր առաջ եմ վերսկսել մարզումներս։ Այն կիլոգրամները որոնք այսօր բարձրացրեցի, ես ինքս ինձանից գոհ չեմ։  Չգիտեմ՝ որքանով կբավարարի մարզիչներին ու գլխավոր մարզչին իմ բարձրացրած կիլոգրամները, կընգդրկվեմ Եվրոպայի առաջնության մասնակիցների կազմի մեջ, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա»,- նշեց Վանիկ Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ Վանիկ Ավետիսյանն ընդգրկված էր Ռիո-2016-ի օլիմպիական հավաքականում՝ որպես պահեստային, սակայն Ռիոյում Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը հրաժարվեց մարզիկից՝ հայտարարելով, որ Հայաստանի թիմին պահեստային պետք չէ եւ Վանիկ Ավետիսյանը վերադարձավ Հայաստան։

«Ես այդ թեմայով այլեւս չեմ ցանկանում խոսել, Ռիո-2016-ում տեղի ունեցած իրադարձություններն ու առհասարակ այդ էջը փակել եմ, ջնջել եմ իմ կյանքիդ եւ ամեն ինչ սկսել եմ նոր էջից։ Միանշանակ Ռիոյում տեղի ունեցածն իր հետքը թողեց, հիասթափությունից չկարողացա խուսափել, բայց արդեն ամեն ինչ սկսել եմ նորից, նվաճեցի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը եւ կսպասենք, թե հետագան ինչպես կդասավորվի»,- նշեց Վանիկ Ավետիսյանը։

Երեւանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում շարունակվում է ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։