Գեղարդ Մուսասի. Դոնալդ Թրամփը քիչ է հասկանում քաղաքականությունից

13:35   31 հունվարի, 2017

Հոլանդիան ներկայացնող հայ մարտիկ Գեղարդ Մուսասիի (Մովսեսյան) եւ ամերիկացի Քրիս Վայդմանի միջեւ մենամարտի անցկացումը վտանգի տակ է: Պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած միգրացիոն օրենքն է: Օրենքի համաձայն՝ ԱՄՆ-ում 120 օրով դադարեցնում է փախստականների ընդունումը, ինչպես նաեւ 90 օրով կասեցվում մուտքն առավելապես մուսուլմաններով բնակեցված 7 երկրներից՝ Իրաքից, Իրանից, Սիրիայից, Սուդանից, Եմենից, Լիբիայից եւ Սոմալիից: Գեղարդ Մուսասին ծնվել է Իրանում, իսկ 4 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հոլանդիա։

«Ես ունեմ հոլանդական անձնագիր ու վիզա, սակայն լսել եմ, որ նույնիսկ այդ դեպքում խնդիրներ են առաջանում: Ամեն բան պարզ կլինի այս շաբաթվա ընթացքում: UFC-ի փաստաբաններն աշխատում են այդ ուղղությամբ: Դա ինձանից կախված չէ: Իմ գործը կռվելն ու պատրաստ լինելն է: Կարծում եմ՝ Դոնալդ Թրամփը մի քիչ մեծամիտ տղա է: Կարծում եմ՝ նա ամեն բան իր ոճով է անում եւ քիչ է հասկանում քաղաքականությունից»,- Մուսասիի խոսքը մեջբերում է Fansided.com-ը՝ հղում անելով Telesport-ին:

Հիշեցնենք, որ Քրիս Վայդմանի եւ Գեղարդ Մուսասիի խառը մենամարտերի UFC 210 մրցաշարի միջին քաշային կարգի մենամարտը պետք է տեղի ունենա ապրիլի 8-ին ամերիկյան Բաֆալոյում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։