Ռոման Ամոյանը՝ կարիերայի ամենատպավորիչ հաղթանակի ու ամենացավալի պարտության մասին

14:22   26 հունվարի, 2017

Արդեն ժամանակն է, որ իմ տեղը զիջեմ երիտասարդ սերնդին: Մարզական կարիերայիս ընթացքում նվաճել եմ շատ մեդալներ: Ափսոսում եմ, որ չկարողացա դառնալ օլիմպիական չեմպիոն:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պեկին-2008-ի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող փոխչեմպիոն Ռոման Ամոյանը, որն օրեր առաջ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին:

«Կարիերաս ավարտելու որոշումը շատ դժվար էր, շատ եմ մտածել այդ ուղղությամբ, բայց լինում են պահեր, որ ցանկացած պրոֆեսիոնալ մարզիկի կյանքում հասունանում է այն պահը, որ պետք է թողնես: Լինում է մի շրջան, երբ հասկանում ես՝ օրգանիզմդ այլեւս չի ենթարկվում քեզ, միշտ հաղթանակով ես վերադարձել, իսկ հիմա արդեն դժվարությամբ ես հասնում այդ հաղթանակներին, եւ որ այլեւս առաաջվա ուժով եւ եռանդով չես կարողանում մարզվել ու մասնակցել մրցումների: Կարծում եմ՝ որոշումս ճիշտ ժամանակին է՝ ո՛չ ուշացած, ո՛չ էլ վաղ:

Բոլորն էլ շատ տխրել են, որ այլեւս չեմ մասնակցելու բարձր կարգի մրցաշարերի, էլ չի լինի Ռոման Ամոյան մարզիկը պայքարում: Որեւէ մեկը չի փորձել ինձ հետ պահել իմ որոշումից, բոլորն էլ համակերպվել են»,- նշեց ըմբիշը:

34-ամյա Ամոյանը դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու կարիերայի ավարտից հետո, քանի որ Հայաստանի ըմբամարտի ֆեդերացիան որեւէ առաջարկ չի արել անվանի ըմբիշին:

«Ոչ մի առաջարկ դեռ չեմ ստացել մարզչական գործունեությամբ զբաղվելու համար: Բայց ինքս էլ դեռ չեմ շտապում մարզիչ աշխատել, ինքս ինձ որպես մարզիչ դեռ չեմ տեսնում: Այժմ ցանկանում եմ ինձ նվիրել ընտանիքիս ու երեխաներիս, հանգստանալ: Հետագան ցույց կտա, թե ինչով կզբաղվեմ»,- ասաց մարզիկը:

Հարցին, թե որն է եղել կարիերայի ամենատպավորիչ հաղթանակն ու ամենացավալի պարտությունը, ըմբիշը մատնանշեց իր հիմնական մրցակից, ադրբեջանցի Ռովշամ Բայրամովից կրած պարտությունն ու դրան հաջորդած հաղթանակը:

«Ամենատպավորիչ հաղթանակս 2009 թվականին աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ռովշան Բայրամովի նկատմամբ առավելությունն էր: Այդ հաղթանակով ես նրան ապացուցեցի, որ Պեկին-2008-ի կիսաեզրափակիչում նրա հաղթանակը մրցավարների նվերն էր իրեն: Ամենացավալի պարտությունս հենց այդ՝ Պեկին-2008-ում կիսաեզրափակիչի ձախողումս էր Ռոշամ Բայրամովի հետ գոտեմարտում: Մեր նկատմամբ մրցավարական անարդարությունները շատ են եղել: Բանն այն է, որ ՖԻԼԱ-ի նախկին նախագահ Ռաֆայել Մարտինետին չէր սիրում Հայաստանի թիմին: Միայն իմ նկատմամբ չի եղել մրցավարական անարդարությունները. նույն Արսեն Ջուլֆալակյանի, Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերի ժամանակ մրցավարները մեր նկատմամբ շատ վատ են վարվել: Եվ դա եղել է Մարտինետիի ցանկությամբ: Բայց ես իմ՝ աշխարհի առաջնության գոտեմարտով ապացուցեցի, որ մրցավարներն անարդար էին դատել ինձ Օլիմպիական խաղերում»,- մեկնաբանեց Ամոյանը:

NEWS.am Sport-ի հարցին, թե առաջարկներ չունենալու դեպքում կմնա Հայաստանում, թե շատ անվանի հայ մարզիկների պես կլքի երկիրը, Ռոման Ամոյանը կես կատակ, կես լուրջ պատասխանեց. 

«Եթե ինձ լավ չնայեն, կհեռանամ երկրից (ծիծաղում է): Իրականում, ես դեռ 2001 թվականին կարող էի հեռանալ Հայաստանից: Առաջարկներ շատ եմ ունեցել, բայց ես իմ երկիրը շատ եմ սիրել ու չեմ ձգտել այստեղից հեռանալ: Ես չեմ ասում, որ Հայաստանից հեռացողները չեն սիրել իրենց երկիրը: Ուղղակի այն ժամանակներն այլ էին»:

Հիշեցնենք, որ ազգությամբ եզդի Ռոման Ամոյանը  ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ է, Պեկին-2008 Օլիմպիական խաղերում մինչեւ 55 կգ քաշային կարգի բրոնզե մեդալակիր, աշխարհի 2009թ. առաջնության փոխչեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ քառակի փոխչեմպիոն: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Լուսինե Շահբազյան

Ռոման Ամոյանի հաղթանակը Ռովշան Բայրամովի նկատմամբ

Ռոման Ամոյանի եւ Ռովշան Բայրամովի գոտեմարտը Պեկին-2008-ում



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։