Մոուրինյոն դեմ չէ Ռունիի տեղափոխությանը Չինաստան

15:49   23 հունվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի՝ Չինաստանից ստացած աներեւակայելի առաջարկին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չինական ակումբներից մեկը 31-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է շաբաթական մեկ միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձով պայմանագիր:

«Ըտրությունը նրանն է։ Չեմ սիրում քննադատել նրանց, ովքեր տեղափոխվում են Չինաստան։ Այնտեղ վճարում են մեծ գումարներ։ Բացի այդ, այդ փորձը կարող է հետաքրքիր լինել։ Նրա հետ երբեք չեմ զրուցել այդ թեմայով։ Կարծում եմ՝ նա դեռ կարող է օգտակար լինել մեր թիմին, սակայն որոշ մակարդակի նվաճումների հասնելուց հետո կարող ես ինքդ որոշել, թե ինչպես շարունակես կարիերադ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է The Independent-ը։

Անգլիայի հավաքականի ավագը 2004 թվականից է հանդես գալիս մանչեսթերյան ակումբում, որի կազմում մասնակցել է Անգլիայի ընթացիկ առաջնության 16 խաղի եւ դարձել 2 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Վերջերս Ռունին գերազանցեց անգլիացի լեգենդար հարձակվող Բոբի Չարլթոնի ռեկորդը եւ 250 գոլով դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն։ Անգլիական ակումբում նա ստանում է շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։

Հիշեցնենք, որ Ռունին նաեւ Անգլիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է եւ այդ ցուցանիշով եւս գերազանցել էր Բոբի Չարլթոնի ռեկորդը:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։