22:10 11 հուլիսի, 2012NEWS.am Sport-ը ներկայացնում է 30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներին։
Արթուր Դավթյան, սպորտային մարմնամարզություն
Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին
Ամուսնացած չէ
Ֆինլանդիայում անցկացված օլիմպիական փառատոնի մրցաշարում (2009) բազմամարտում զբաղեցրել է 6-րդ տեղը, հենացատկերում 7-րդ տեղ, զուգափայտերի մրցումներում 6-րդ տեղ, օղակների վարժությունում 9-րդ տեղ:
Աշխարհի գավաթի խաղարկությունում, հենացատկում զբաղեցրել է երկրորդ տեղը, Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող է հենացատկում (2010), նույն առաջնությունում նժույգի վրա վարժությունում՝ բրոնզե մեդալակիր:
Օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2012թ. հունվարին Տոկիոյում կայացած վարկանիշային մրցաշարում:
Անձնական մարզիչն է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն Հակոբ Սերոբյանը:
Հակոբ Սերոբյանը որպես մրցավար սպասարկելու է Լոնդոնի օլիմպիական մրցաշարը:
Արթուր Դավթյանը Օլիմպիական խաղերի որակավորման մրցումներին մասնակցելու է հուլիսի 28-ին։
Կախված առանձին գործիքների վրա ցույց տված արդյունքներից՝ հետագայում էլ կարող է մասնակցել առանձին գործիքների վրա մրցաշարին:
Արթուր Դավթյանի հետ հիմնական հույսերը կապված են հենացատկի մրցումներում, որտեղ հայ մարմնամարզիկը շատ բարդ ցատկեր ունի իր զինանոցում:
Օլիմպիական խաղերից առաջ Արթուր Դավթյանը Հակոբ Սերոբյանի հետ հավաք է անցկացրել Վրաստանում: Մնացած ժամանակահատվածում մարզիկը նախապատրաստվել ու նախապատրաստվելու է Երեւանում:
Արթուր Դավթյան
«Մեծ պատիվ է մասնակցել Օլիմպիական խաղերին եւ ներկայացնել Հայաստանը: Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչպես կդասավորվի մրցաշարը եւ ինչ արդյունքների կարող եմ հավակնել: Բայց մի բան հաստատ է, որ իմ ուժերի առավելագույն հնարավորությունները կներդնեմ օլիմպիական մեդալ նվաճելու համար: Ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի հնարավորություններ կունենամ Լոնդոնում»:
Հակոբ Սերոբյան
«Արթուրը շատ երիտասարդ է, բայց նաեւ մեծ հեռանկարներ ունի: Արդեն հասել է տպավորիչ հաջողությունների, եւ հույս ունեմ, որ Օլիմպիական խաղերում մենք շարունակություն կունենանք մեդալներ նվաճելու գործում: Պարզապես հարկավոր է շատ լավ կենտրոնանալ ու անել այն, ինչին որ պատրաստ է մարզիկը: Օլիմպիական մրցումներում հնարավոր են նաեւ անակնկալներ, եւ տա Աստված, որ այդ անակնկալներից մեկն էլ լինի Արթուր Դավթյանի օլիմպիական մեդալը: Մենք բարձր արդյունքի հասնելու համար կանենք ամեն ինչ»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.