Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյան. Ցանկանում եմ, որ 2017-ը բոլորի համար լինի երազանքների իրականացման տարի

10:17   2 հունվարի, 2017

Թող 2017 թվականը նոր հաղթանակների տարի լինի մարզիկներիս համար, որ մեր ժողովրդին նույնքան ուրախացնենք, որքան 2016-ին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցում ասաց Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, 22-ամյա ծանրորդ Գոռ Մինասյանը:

Գոռ, շնորհավոր Նոր տարի: Ինչպե՞ս ես նշում, սիրո՞ւմ ես Ամանորի տոնը:

Ամանորն իմ ամենասիրելի տոներից մեկն է: Սիրում եմ Նոր տարվա եռուզեռը, Նոր տարվա հետ կապված ամեն ինչ՝ նախապատրաստական փուլից՝ տոնածառ դնել, տոնական սեղանի առեւտուրը, պատրաստվել, մինչեւ դեկտեմբերի 31-ի գիշեր: Ու դրանից հետո հյուր գնալ, դիմավորել: Տոնական սեղանից էլ սիրում եմ ամեն ինչ:  Սիրում եմ, որ այս տոնին միմյանց նվերներ են անում: Մինչեւ 7 տարեկանը հավատացել եմ Ձմեռ պապի գոյությանը: Հիշում եմ 4 տարեկանում Ձմեռ պապն ինձ մեծ մեքենա էր նվեր բերել: Այդ ժամանակ 4 տարեկան երեխայի համար այդքան մեծ մեքենա նվեր ստանալը շատ մեծ բան էր, ու ես այսօրվա պես հիշում եմ, թե որքան էի ուրախացել:

Ամանորի գիշերը երազանք պահո՞ւմ ես:

Հավատում եմ ամանորի գիշերվա խորհրդավորությանը, բայց երազանք չեմ պահում: Առհասարակ ես երազանքներ չեմ պահում: Ցանկանում եմ, որ 2017 թվականը ուրախ տարի լինի բոլորի համար, երազանքների իրականացման տարի լինի, մարզաշխարհի համար էլ հաղթանակների տարի լինի: Թող այս տարին էլ մեծ հաջողությունների տարի լինի, որպեսզի մեր մարզասեր հասարակությունն ուրախանա: Մենք էլ լիքը մեդալներ նվաճենք, ուրախացնենք մեր ժողովրդին:

Ինչպե՞ս ճանապարհեցիր 2016 թվականը եւ ինչպե՞ս այն կհիշվի քո կյանքում:

Իմ մարզական կարիերայում 2016 թվականն ամենահաջող տարին էր ինձ համար՝ օլիմպիական տարի, օլիմպիական մեդալով: Ինչպես յուրաքանչյուր մարզիկի համար, այնպես էլ իմ՝ 2016 թվականը հիշելիս, ամենառաջինը կհիշեմ օլիմպիական մեդալ նվաճելուս օրը՝ օգոստոսի 17-ը: 2016-ն իսկապես հաջողված էր ինձ համար, քանի որ օլիմպիական մեդալ ամեն մարզիկի չի հաջողվում նվաճել: Դեռ չեմ կարող ասել, որ կմասնակցեմ Տոկիո-2020-ին, քանի որ դեռեւս 4 տարի կա, ամեն ինչ հնարավոր է:

Եթե 2016 թվականը նորից ապրելու հնարավորություն ունենայի, առանց վարանելու նորից այդ բարդությունների միջով կանցնեի, նորից կուզեի ապրել հաղթանակի պահերը:

Ի՞նչ փոխեց օլիմպիական մեդալը քո կյանքում:

Օլիմպիական մեդալն իմ կյանքում ոչինչ չի փոխել, ամեն ինչ նույն է, նույն հունով, նույն օրերով, միակ տարբերությամբ՝ մարդիկ սկսել են ճանաչել ինձ:

Ես ինքս հասարակ տղա եմ՝ ընտանիքին նվիրված, ընկերասեր: Ազատ ժամանակս անցկացնում եմ ընտանիքիս հետ կամ ընկերներիս, այնպես որ օլիմպիական արծաթե մեդալը նվաճելուց հետո իմ կյանքում ակնհյատ փոփոխություններ չկան:

Իսկ անձնական կյանքի ժամանակ ունենո՞ւմ ես: Սիրտդ զբաղվա՞ծ է:

Սիրտս զբաղված չէ, դեռ չեմ մտածում անձնական կյանքս կառուցելու մասին: Ես դեռ ցանկանում եմ սպորտում նոր հաղթանակներ գրանցել: Իմ կարծիքով, անձնական կյանքը հնարավոր չի լինի համատեղել սպորտի հետ, ունենալ հաջողություններ: Անընդհատ ընտանիքից հեռու լինելը անհնար է, իսկ մարզիկի աշխատանքի բնույթն այնպիսին է, որ տարվա մեծ մասը դրսում ես անցկացնում: Կարծում եմ ոչ մի կին չի դիմանա ամուսնու այդքան բացակայությանը:

Այսինքն՝ Գոռ Մինասյանը կամուսնանա այն ժամանակ, երբ ավարտի մարզական կարիերան:

Չգիտեմ: Գուցե 2 կամ թեկուզ 4 տարի հետո ամուսնանամ: Չեմ ծրագրում:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.