Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյան. Ջերմության տոն է ինձ համար Նոր տարին

14:16   1 հունվարի, 2017

25 տարեկանից հետո կմտածեմ ամուսնանալու մասին, իսկ առայժմ նոր հաղթանակներ ու մեդալներ նվաճելու ժամանակն է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է օլիմպիական փոխչեմպիոն, 2016թ. Հայաստանի երրորդ լավագույն մարզիկ, 19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, որն արդեն հասցրել է նվաճել բազմաթիվ մեդալներ:

Սիմոն, 2016 թվականում դու դարձար Հայաստանի հպարտություններից մեկը՝ նվաճելով օլիմպիական արծաթե մեդալը եւ ընդգրկվելով Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում: Ի՞նչ զգացողություններով ճանապարհեցիր օլիմպիական տարին:

Այս տարին ինձ համար շատ հաջողված էր, մեդալառատ: 2016-ում նվաճել եմ 10 մեդալ, այդ թվում եւ օլիմպիական արծաթե մեդալը: Սա ինձ համար իսկապես մեծ արդյունք է: Առաջին անգամ իմ կյանքում մասնակցեցի մեծահասակների Օլիմպիական խաղերին ու դարձա օլիմպիական փոխչեմպիոն: Երբեք չեմ մոռանա օլիմպիական մրցահարթակ բարձրանալուս օրը, մեդալը նվաճելու եւ պարգեւատրվելու պահերը: Այս հիշողություններն ինձ հետ կմնան ամբողջ կյանքիս ընթացքում: Մեդալներիս համար ունեմ առանձին անկյուն, որտեղ գլխավոր տեղը զբաղեցնում է Ռիո-2016-ի արծաթե մեդալս:

Ի՞նչ բացթողում ունեցար:

Եվրոպայի առաջնությունում կարող էի շատ հեշտ ոսկե մեդալ նվաճել, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Օլիմպիական խաղերում նույնպես կարող էի ոսկե մեդալ նվաճել՝ ավելի լավ մասնակցելով: Բայց պետք չէ ընկնել շատի հետեւից, եղածով պետք է բավարարվել եւ գնալ առաջ, որպեսզի հաջորդ տարի ավելի լավ լինի:

Եթե հնարավորություն ունենայիր նորից սկսել ամեն ինչ, կրկին կընտրեի՞ր ծանրամարտը:

Կուզենայի նորից ապրել օլիմպիական մեդալը նվաճելու օրը: Միանշանակ կընտրեի ծանրամարտը, քանի որ համարում եմ՝ Աստված ինձ նախատեսել է այս մարզաձեւի համար: Այնքան եմ այս մարզաձեւով տարված, որ այն դարձել է իմ կյանքը: Երբ զգամ, որ այլեւս աճելու տեղ չունեմ, կհրաժարվեմ մեծ սպորտից, բայց այնքան եմ սիրում այս մարզաձեւը, որ կշարունակեմ մնալ ծանրամարտում:

Սիմոն, քո կյանքում ի՞նչ է փոխվել օլիմպիական փոխչեմպիոն դառնալուց հետո:

Ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ փոխչեմպիոն դառնալ, բայց այս նվաճումն իմ կյանքում եւ իմ մարդ տեսակի մեջ ոչինչ չի փոխել, ընդամենը մի մեդալ է ավելացել իմ մեդալների հավաքածուում: Բոլորն էլ կհաստատեն, որ ես նույն սովորական մարզիկն եմ, ծանրորդը՝ Հայկաշենից: Նախքան Օլիմպիական խաղերը եւ դրանից հետո միակ տարբերությունն այն է, որ ինչ-որ մի տեղ գնալուց՝ դրսում, առեւտրի կենտրոնում բոլորն ինձ ճանաչում են, սիրով բարեւում: Ինձ շատ հաճելի է, որ բոլորը ճանաչում են, բայց նաեւ ինչ-որ տեղ կաշկանդվում եմ:

Այս տարի դու հավանաբար համալրում ես ցանկալի փեսացուների շարքը: Սիրտդ ազա՞տ է, թե՞ արդեն ընտրյալ ունես:

Սիրտս զբազված չէ եւ չեմ կարծում, որ ես ցանկալի փեսացուների շարքերում կարող եմ լինել: Դեռեւս 19 տարեկան եմ եւ ամուսնանալու մտադրություն չունեմ: Չեմ պատկերացնում՝ ինչպիսի ամուսին, հայր, ընտանիքի տղամարդ կարող եմ լինել: Հիմա շատ կան տղաներ, ովքեր ասում են՝ հենց ամուսնանամ այսպիսին, այնպիսին կլինեմ, բայց ամուսնանում են ու լրիվ ուրիշ մարդ դառնում: Ես երբեք չեմ պատկերացնում ու չեմ մտածում՝ ինչպիսին կլինեմ: Երբ հասունանա այդ պահը, ընտրյալ էլ կունենամ, կամուսնանամ էլ: Հիմա դեռ վաղ է: 25 տարեկանից հետո նոր լուրջ կմտածեմ այդ մասին:

Ինչպե՞ս ես դիմավորել 2017 թվականը:

Նոր Տարին նշում եմ բոլոր իր ավանդույթներով: 2017-ը նշել եմ տանը, ընտանիքիս հետ: Սիրում են Նոր տարին, հատկապես հաճելի մարդկանց հյուր գնալը, հյուրեր ընդունելը, նվերները, տոնածառը, այս օրերի ձյունը: Ջերմության տոն է ինձ համար Նոր տարին: Սիրում եմ նվերներ անել հարազատներիս Նոր տարվա գիշերը: Տոնական սեղանն եմ շատ սիրում, ամեն ինչ, ինչ կապված է նոր տարվա սեղանի հետ սիրում եմ: Ինչպես բոլորը, ես նույնպես հասցնում եմ քաշ ավելացնել: Չի լինում հյուր գնալ ու ոչնչից չօգտվել, պիտի անպայման մի բանից օգտվես, որպեսզի չնեղանան, ու հատկապես տոնական բդից:  Ու նաեւ սիրում եմ շատ հեռուստացույց, տոնական ֆիլմեր ու հաղորդումներ դիտել: Ֆիլմերից ամենաշատը սիրում եմ ռուսական «Բաղնիքդ անուշը», ամեն տարի այս կինոն դիտում եմ: Շնորհավորում եմ բոլորին Նոր տարվա եւ Սուրբ ծննդի կապակցությամբ:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։