Նազիկ Ավդալյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը՝ տարվա լավագույն տասնյակում ընդգրկվելու մասին

14:16   28 դեկտեմբերի, 2016

Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում այս տարի երկու մարզուհի է ընդգրկվել՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնների Նազիկ Ավդալյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը, որոնք եւս մասնակցեցին «Փարավոնում» տեղի ունեցած մարզիկների մեծարման ամանորյա արարողությանը: Նազիկ Ավդալյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին 2016-ում արածի եւ լավագույն տասնյակում ընդգրկվելու մասին։

«Շատ հաճելի է 6-7 տարվա դադարից հետո կրկին լինել լավագույն տասնյակում: Զարմանալիորեն լարվածություն էր առաջացնում միտքը, որ լավագույն տասնյակում եմ լինելու:

Այս տարի շատ բուռն էր ինձ համար, ծանր, բայց կարծում եմ՝ կարողացա պատվով դուրս գալ: Մեքենա նվեր ստացա, բայց դեռ չգիտեմ՝ ինչ եմ անելու այս ավտոմեքենան վարելու եմ, թե ոչ: Դեռեւս ավտովթարից հետո վախս մնացել է, ես ղեկին վախենում եմ: Դեռեւս ոչինչ չեմ խոստանա 2017-ին, քանի որ չեմ ծրագրել կմնամ, թե կհեռանամ մեծ սպորտից: Այս պահին ինձ նվիրել եմ որդուս, ժամանակս նրանն է, որոշ ժամանակ անց պարզ կլինի՝ շարունակելու եմ, թե ոչ»,- նշել է Նազիկ Ավդալյանը:

«Շատ ուրախ եմ ու հուզված, որ կրկին լավագույն տասնյակում եմ: Ամեն մարզիկ չի, որ կարողանում է ընդգրկվել լավագույն տասնյակում: Շնորհակալ եմ բոլոր իմ ուզող-չուզողներին: Ամեն ինչ կանեմ, որ հաջորդ տարի ավելի բարձր նվաճումներ ունենամ եւ կրկին լավագույնների շարքում լինեմ»,- ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.