Միհրան Հարությունյան. Երբեք ինքս ինձ չեմ անվանել օլիմպիական չեմպիոն

13:16   28 դեկտեմբերի, 2016

Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգեւատրման արարողությունից հետո պատասխանել է NEWS.am Sport-ի թղթակցի հարցերին։

Միհրան, արդեն երկրորդ տարին անընդմեջ դու ճանաչվում ես Հայաստանի երկրորդ լավագույն մարզիկ՝ զիջելով միայն Արթուր Ալեքսանյանին: Ինչպիսի՞ն էին այսօր քո ապրումները, դու Հայաստանում ճանաչվում ես որպես օլիմպիական չեմպիոն ու մի ամբողջ ազգ քեզ հետ պահեց սպորտը լքելու մտադրությունից:

Շատ լավ ասացիք՝ ինձ ճանաչեցին օլիմպիական չեմպիոն Հայսստանում: Ինձ ճանաչեցին...

Խոսքս ուղղում եմ կոնկրետ այն մարդկանց, ովքեր բարձրաձայն արտահայտվում են, թե իբր ես ինքս ինձ պարբերաբար գովազդում եմ եւ ներկայացնում որպես օլիմպիական չեմպիոն: Խոսքս ուղղված է կոնկրետ իմ թիմակիցներին, մեր հավաքականի անդամներին։

Ինձ հասնում են իմ մասին ռեպլիկներ, որոնց հեղինակներն ինձ մոտ առաջացնում են թույլ մարդկանց տպավորություն: Բայց քանի որ մեր թիմում չկան թույլ մարդիկ, նշանակում է, պետք չէ ինձ հիասթափեցնել: Տղամարդ եղեք: Հավաքականում բոլորիս նպատակը մեկն է՝ հաղթել, հաղթանակ բերել Հայաստանին: Ես երբեք ինքս ինձ չեմ անվանել օլիմպիական չեմպիոն, եւ չեմ էլ պատրաստվում ինձ հռչակել օլիմպիական չեմպիոն: Ինձ օլիմպիական չեմպիոն ճանաչեցին Հայաստանում պետական մակարդակով, ես դա ընդունեցի եւ խոնարհվեցի այդ որոշման առջեւ: Ինձ բոլորը կարող են կոչել օլիմպիական չեմպիոն, դիմել որպես օլիմպիական չեմպիոն. բոլոր նրանք, ովքեր ինձ իսկապես համարում եմ կամ ընդունում որպես այդպիսին: Ես այդ կարծիքների առջեւ խոնարհվում եմ եւ շնորհակալություն հայտնում եւ առաջ շարժվում: Բայց երբեք ինքս չեմ գոռում, որ ես օլիմպիական չեմպիոն եմ: Ինքնագովազդով չեմ զբաղվում:

Եվ ո՞վ է այդ «ռեպլիկների» հեղինակը թիմում:

Ես գիտեմ դա ով է անում, բոլորը գիտեն՝ ով է:

Ի՞նչ է տալիս քեզ լավագույնների շարքում լինելը:

Ես երջանիկ մարդ եմ, չնայած նրան, որ ինձ հետ միշտ կմնա Ռիոյում կատարված այդ «ողբերգությունը»։ Բայց ես խոստանում եմ, որ գորգ կվերադառնա ավելի ուժեղ Միհրան Հարությունյանը: Հիմա ինձ մոտ դրանք երազանքի փուլում են, քանի որ ես դեռեւս երկար ամիսներ պետք է վերականգնեմ ձեռքս: Ինչ վերաբերում է տարվա երկրորդ լավագույն մարզիկ ճանաչվելուն, հպարտ եմ, որ լավագույնների ցուցակում եմ: Ես ինքս ինձ համար ամփոփել եմ իմ այս տարին, եթե ինձ ընտրել են տարվա երկրորդ լավագույն մարզիկը, ես ընտրում եմ իմ ազգին, այն առաջին տեղում է: Իմ ազգն ու հասարակությունն է իմ դժվար օրերին ինձ գոտեպնդել ու ինձ համար արդեն մեծ հաղթանակ է: Մնացած ամեն ինչ ոչինչ է ինձ համար: Ես խոսքերն ու արտահայտությունները որոնք հնչում են իմ մեջքի հետեւում, դրանց հեղինակներն այնպիսի մարդիկ են, ովքեր չեն տիրապետում տղամարդուն հարիր հատկանիշներին՝ ինքնատիրապետում եւ խիղճ: Պետք է տղամարդ լինել, իսկ եթե այդ մարդկանց համար դժվար է հսմակերպվել ինձ հետ, թող ընդունեն այն փաստն ու իրականությունը, որ իրենք ինձանիձ հետ են: Ով ինձանից առաջ է, պատվով ցույց կտա, կհաղթի ինձ ու ես պատվով կընդունեմ այդ փաստը: Խորհուրդ կտայի ապրել համերաշխ:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։