Լեւոն Ջուլֆալակյանն ամփոփում է օլիմպիական տարին. 2016-ը հաջողված էր հունահռոմեական ըմբիշների համար

17:24   25 դեկտեմբերի, 2016

Հաճելի է, որ մեծ սպորտում կարողացել եմ նվաճել բոլոր հնարավոր բարձունքները, իսկ այսօր նաեւ իմ թիմն ունի բոլոր այդ նվաճումները: 2016 թվականը հաջողված էր հունահռոմեականների համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

20 տարվա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկե մեդալը Հայաստան բերած հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ամփոփել է օլիմպիական տարին: Չնայած դրսում տոնական տրամադրություն է, հունահռոմեականները՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ դեռեւս մարզվում են Ծաղկաձորում: Հունահռոմեականներն անցկացնում են հաջողված տարվա վերջին ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորի մարզաբազայում: NEWS.am Sport-ի թղթակիցը ներկա է եղել տարեվերջյան մարզումներից մեկին:

Պարոն Ջուլֆալակյան, ամփոփեք օլիմպիական տարին: Ինչպիսի՞ն էր այն:

2016 թվականն օլիմպիական տարի էր եւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը քառամյա ցիկլում նախապատրաստվել էր Ռիոյի Օլիմպիական խաղերին: Անցնելով երկար եւ բարդ ճանապարհ, քառամյա ցիկլում մեր հավաքականը բոլոր տարիներին նվաճեց տարբեր գույների բազմաթիվ մեդալներ եւ ուրախացրեց մեր ազգին: Բարդ քառամյա ցիկլի եզրափակումը եղավ Օլիմպիական խաղերը, որը շատ հաջող ստացվեց մեզ համար: Իհարկե, սպասումներն ավելի շատ էին, բայց ստացվեց լավ: Իսկ ինչու լավ, քանի որ մեր հավաքականն իսկապես կարող էր երկու օլիմպիական ոսկե, ինչու ոչ՝ նաեւ երեք մեդալով վերադառնալ վերադառնալ Օլիմպիական խաղերից: Ամեն դեպքում 2016 թվականը մեզ համար հաջող տարի էր. Եվրոպայի առաջնությունից վերադարձանք 4 մեդալով՝ 1 ոսկի, 2 արծաթ եւ 1 բրոնզ, ունեցանք 4 օլիմպիական վարկանիշ՝ 6 հնարավորից: Կարող էինք 5 վարկանիշ ունենալ, բայց վրիպեցինք 59 կգ քաշային կարգում: Գլխավորն այն է, որ որակով թիմ մասնակցեց Օլիմպիական խաղերին եւ 20 տարի սպասված ոսկե մեդալը նվաճեց մեր հավաքականը: Արթուր Ալեքսանյանն Օլիմպիական խաղերում արեց, այն ինչի ինքն ընդունակ էր. փառք ու պատիվ Արթուր Ալեքսանյանին, որ կարողացավ իր հնարավորություններն ազատ ցուցաբերել օլիմպիական գորգի վրա եւ նվաճել Հայաստանի 14-րդ օլիմպիական ոսկե մեդալը:

Իմ մարզչական կարիերայում տարբեր գույնի օլիմպիական մեդալներ նվաճել էր մեր թիմը, բայց ոսկին առաջինն էր, ինչի համար շատ ուրախ եմ: Հաճելի է, որ անցնելով մեծ սպորտի բարդ ճանապարհը, ունեցել եմ բոլոր հնարավոր նվաճումները եւ այսօր իմ գլխավորած հավաքականի մարզիկները նույնպես ունեն բոլոր հնարավոր մեդալները:

Իսկ ի՞նչ բացթողում ունեցաք այս տարի:

Եթե կա աշխատանք, ուրեմն կան նաեւ բացթողումներ: Որպես 2016-ի բացթողում կնշեմ Լոնդոն-2012-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի պարտությունը Ռիոյում: Արսեն Ջուլֆալակյանը լուրջ պատրաստված էր, լավ մարզավիճակում էր, բայց, ցավոք, մեծ սպորտում միշտ լինում են նման բաներ: Իրոք ցավալի էր. եթե Արսեն Ջուլֆալակյանը օլիմպիական մրցաշրջանում բացթողումներ ունեցած լիներ, գուցե համարեի, որ նման վերջաբանը սպասելի էր: Ես գտնում եմ, որ սա դեռ վերջաբանը չէ, սա սկիզբն է. Արսենը դեռ շատ անելիք եւ ասելի ունի: Մնում է միայն, որ նրա առողջությունն ու ցանկությունը բավականացնի մինչեւ հաջորդ Օլիմպիական խաղերին: Ժամանակից առաջ չանցնենք, ժամանակը ցույց կտա՝ ինչ եւ ինչպես կլինի:

Ինչպե՞ս կմեկնարկի հունահռոմեականների հավաքականը նոր օլիմպիական քառամյա փուլը:

Մենք արդեն պատրաստվում ենք Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին եւ նորից անցնելու ենք երկար ճանապարհ մինչ Խաղերը: Առաջին երկու տարին կլինի փորձարկումների շրջան, նոր, երիտասարդ մարզիկների կփորձարկենք: 2017 թվականը նորից ծանրաբեռնված տարի է լինելու հավաքականի համար. մարտին աշխարհի գավաթի խաղարկությունն է, որին կմասնակցենք 2-րդ, 3-րդ կազմով, ապա մայիսի 2-6-ը Սերբիայում կմասնակցենք Եվրոպայի առաջնությանը, իսկ օգոստոսին՝ աշխարհի առաջնությանը:

Պարոն Ջուլֆալակյան, մի քանի օրից Նոր Տարի է, բոլորն այս օրերին տոնական եռուզեռի մեջ են, իսկ ըմբիշները Ձեր գլխավորությամբ դեռեւս մարզադահլիճում են: Ե՞րբ եք տոնական դադար վերցնելու, մարզիկները քանի՞ օր կհանգստանան:

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս տարեվերջյան ուսումնամարզական հավաք ենք անցկացնում Ծաղկաձորում: Հավաքը ֆիզիկական պատրաստվածության ուղղվածություն ունի: Մինչեւ դեկտեմբերի 27-ը կշարունակվի հավաքը, որից հետո բոլորով կմասնակցենք ՀԱՕԿ-ի ամենամյա տոնական միջոցառմանը՝ նվիրված 2016 թվականի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակին: Ինչպես անցյալ տարի, այս տարի եւս Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել Արթուր Ալեքսանյանը, ինչի կապակցությամբ կրկին շատ ուրախ եմ: Միջոցառումից հետո մարզիկները 10-օրյա հանգստի կգնան, որից հետո կրկին մարզումներ, հավաքներ, մրցումներ:

Ի՞նչ կմաղթեք հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկրպագուներին, մարզասերներին: Ձեր թիմին ի՞նչ կցանկանաք 2017 թվականին:

Շնորհավորում եմ ամբողջ հայ ազգի գալիք Նոր տարին, կցանկանամ, որ բարեկեցիկ կյանք լինի բոլորի համար, ապրեն անհոգ, ուրախ, երջանիկ, թող Նոր տարին միայն ուրախություն եւ հաջողություն բերի: Մեզ էլ այդ ամենի հետ հաղթանակներ:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.