Սպորտի նախարար. Ինչ-որ մեկը վատություն է արել Հռիփսիմե Խուրշուդյանին եւ Տիգրան Մարտիրոսյանին

19:49   13 դեկտեմբերի, 2016

Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Տիգրան Մարտիրոսյանի օլիմպիական մեդալները ՀԱՕԿ-ը հետ է վերադարձնելու, իսկ Միհրան Հարությունյանի ոսկե մեդալը նրան հանձնելը՝ անհնար է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Այս օրերին հայկական մարզաշխարհը սպասում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ Լոնդոն-2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն Հռիփսիմե Խուրուդյանի եւ Պեկին-2008-ի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանի որակազրման մասին որոշմանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 22-ին ՄՕԿ-ի պաշտոնական կայքը հայտարարություն տարածեց այն մասին, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակիցների դոպինգ նմուշների վերահետազոտման հիման վրա, Հայաստանի ներկայացուցիչ, 29-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել է օլիմպիական բրոնզե մեդալից։ Հայտարարության մեջ ասվում էր, որ ծանրամարտի կանանց +75 կգ քաշային կարգի օլիմպիական մրցմանը մասնակցած Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ նմուշի մեջ հայտնաբերվել է տուրինաբոլ եւ ստանոզոլ արգելված դեղամիջցներ:

Նույն իրավիճակում այս տարվա ամռանը հայտնվեց նաեւ Պեկին-2008-ում 69 կգ քաշային կարգի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը: Գյումրեցի ծանրորդի դոպինգ թեստի վերստուգման արդյունքում էլ հայտնաբերվել էր ստանոզոլոլ ու եւս մեկ արգելված խթանիչ: 

Պարոն Ռոստոմյան, ՀԱՕԿ-ը վերադարձնելո՞ւ է օլիմպիական մեդալակիրներ Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Տիգրան Մարտիրոսյանի մեդալները եւ ի՞նչ կարգով է դա արվում։

Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Տիգրան Մարտիրոսյանի օլիմպիական մեդալները հետ ենք վերադարձնելու: Միջազգային օլիմպիական կոմիտեն շատ պարզ արդեն հայտարարել է, որ մեր մարզիկների դոպինգ թեստերի արդյունքներում հայտնաբերվել են խթանիչ նյութեր: Սպասում ենք ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմանը, թե քանի տարով կորակազրկվեն մեր մարզիկները: Օլիմպիական խաղերի մեդալները վերադարձնելու եւ չվերադարձնելու հարցը որոշում է ՄՕԿ-ը, իսկ տվյալ մարզիկների որակազրկումները որոշում է միջազգային ֆեդերացիան: Մեդալները վերադարձնելու ենք եւ սպասենք, թե ինչ որոշում կկայացնի միջազգային ֆեդերացիան, որպեսզի հասկանանք՝ ինչ ճակատագիր են ունենալու մեր մարզիկները: Տարաբնույթ կարծիքներ կան՝ կամ ընդհանրապես արգելելու են մարզիկներին մասնակցել Օլիմպիական խաղերին, կամ՝ մեկ տարով են որակազրկելու, կա նաեւ կարծիք, որ այս Օլիմպիական խաղերին չմասնակցելով արդեն լրացրել են որակազրկման շրջանը: Բացի որոշմանը սպասելուց, պետք է հասկանանք նաեւ, թե ինչ է տեղի ունեցել իրականում, ինչպես են այդ խթանիչները հայտնվել մեր մարզիկների օրգանիզմում: ՀԱՕԿ-ը ստեղծել է հանձնաժողով, որը կվերլուծի եւ վեր կհանի իրականությունը: Ես գիտեմ, որ մեր մարզիկները որեւէ մեղավորություն չունեն հավելանյութեր, խթանիչներ օգտագործելու մեջ: Պետք է պարզենք այդ ժամանակվա բժիշկների եւ մարզիչների մոտեցումները, ինչպես է եղել, ով է մեղավոր:

Այսինքն՝ ինչ-որ մեկը վատությո՞ւն է արել:

Ստացվում է այդպես: Դրանից վատ վատություն չէր կարող լինել: Ուզում եմ շեշտել, որ մեր մարզիկները արդարացի են եղել, հաղթել են իրենց ուժերով: Ուղղակի մոտեցումները, որոնք եղել են այն ժամանակ մարզիչների կողմից, սխալ են:

Մի դեպքում պարտավորվում ենք վերադարձնել օլիմպիական մեդալները, իսկ ըմբիշ Միհրան Հարությունյանի դեպքում մեզ պատկանող մեդալն ենք պահանջում: Ի՞նչ ընթացքում է Միհրանին օլիմպիական չեմպիոն ճանաչելու միջազգային իրավական գործընթացը եւ կարո՞ղ է Հայաստանը հաղթել այդ պայքարում:

Իմ կարծիքով Միհրան Հարությունյանին պատկանող ոսկե մեդալը վերադարձնելը այդքան էլ իրատեսական չէ: Մենք արեցինք ամեն ինչ, բայց հնարավոր չէ վերադարձնել մեդալը: Դիմեցինք Լոզանի մարզական վճռաբեկ դատարան, մասնագիտական վերլուծությունները լսեցինք, մի մասի ոչ պաշտոնական պատասխանները էլեկտրոնային փոստով արդեն ստացել ենք, ոմանցն էլ՝ բանավոր ենք լսել ու ըստ պատասխանների՝ գոտեմարտի արդյունքի վրա չենք կարող ազդել: Մեր պնդումը՝ պասիվության, վերացական մոտեցում է: Այսինքն՝ չի եղել միավոր, որ Միհրանին չի տրվել, որ իրատեսական լինի մեր պնդումը: Այսինքն՝ տեխնիկական գործողություն չի եղել, այդպես է մեկնաբանվում: Առավելագույնը կարող է որակվել որպես մրցավարական կողմնապահություն, որը մեզ համար հաղթանակ չի կարող համարվել:

Ինչեւէ, ուրախ եմ, որ ամբողջ Հայաստանում եւ հասարակության կողմից Միհրան Հարությունյանը ճանաչվեց օլիմպիական չեմպիոն: Այդ պարագայում արդեն մեզ համար էական նշանակություն չունի՝ միջազգային ճանաչում կլինի, թե չի լինի: Արդեն այս հարցը երկրորդական է եւ անգամ կարելի է այս մասին այլեւս չխոսել: Մենք, մեր ազգը, ղեկավարությունը, երկրի նախագահը Միհրան Հարությունյանին ճանաչում ենք օլիմպիական չեմպիոն:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։