Ժոզե Մոուրինյո. Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը ծանր չէ

21:18   11 դեկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի մասին եւ բարձր գնահատել նրա աշխատանքը:

«Հավանաբար հաջորդ հանդիպումը Մխիթարյանը բաց կթողնի, բայց ոչ մի իրապես լուրջ բան չկա, վիրահատության կարիք չկա: Մտավախություն ունեի, որ նա մի քանի շաբաթ չի կարողանա խաղալ, բայց երեւում է՝ այդպես չէ: Առավելագույնը մեկ շաբաթ բաց կթողնի: Հույս ունենք, որ Մխիթարյանը կվերադառնա ամանորյա հանդիպումներին:

Ես գոհ եմ Հենրիխի խաղից: Նա հսկայական աշխատանք է կատարում խաղադաշտում: Ոչ միայն ստեղծում է, այլեւ մասնակցում է պաշտպանությանը: Կարծում եմ՝ Մխիթարյանը պատրաստ է դառնալ լավագույն խաղացող»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին» Հենրիխ Մխիթարյանի միակ գոլի շնորհիվ:

Երկրորդ խաղակեսի վերջնամասում Հենրիխ Մխիթարյանը մրցակցի հետ պայքարում ոտնաթաթի վնասվածք ստացավ եւ դուրս բերվեց խաղադաշտից պատգարակով:

«Մանչեսթեր Յունայթեդը» 24 միավորով մնաց 6-րդ տեղում: 5-րդ տեղում ընթացող «Տոտենհեմն» ունի 27 միավոր:

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկությամբ հայ ֆուտբոլիստը ստացել է ձայների 87 տոկոսը՝ ճանաչվելով հանդիպման լավագույն խաղացող:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.