Ջեյմի Կարագեր. Բրենդան Ռոջերսը հիասթափություն ապրեց, երբ չկարողացավ ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին

18:20   10 դեկտեմբերի, 2016

«Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը գովեստի խոսքեր է ասել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին: Անգլիացին նաեւ պատմել է, որ «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը 2013 թվականին ցանկացել է ձեռք բերել Հայաստանի հավաքականի ավագին:

«Եվրոպայի լիգայում Մխիթարյանի խփած գոլն ու «Էվերտոնի» դեմ խաղում նրա հաջող ելույթը մեզ ցույց տվեցին, որ հայ ֆուտբոլիստը ճիշտ ուղու վրա է: Հետաքրքիր էր «Զարիայի» դեմ խաղից առաջ կարդալ Հենրիխի հարցազրույցը, որում նա իրեն էր մեղադրում անհաջող մեկնարկի համար, իսկ հետո դուրս է գալիս խաղադաշտ եւ անում այն ամենը, ինչ հարկավոր է «Մանչեսթեր Յունայթեդում» հաջողակ լինելու համար:

Մխիթարյանի տաղանդն անվիճելի է: Հիշում եմ, որ 2013-ին Բրենդան Ռոջերսը ցանկանում էր նրան Դոնեցկի «Շախտյորից» բերել «Լիվերպուլ», իսկ հետո մարզիչը հիասթափություն ապրեց, երբ Հենրիխը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»: Գերմանիայում Մխիթարյանը տպավորիչ կատարող էր: Կարծում եմ՝ նա այդպիսին կլինի նաեւ «Մանչեսթեր Յունայթեդում»: Վերջին խաղերում Հենրիխի հաջող ելույթներն ապահովեցին նրա լավ ապագան թիմում»,- Կարագերի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 3 խաղերում Մխիթարյանը հանդես է եկել մեկնարկային կազմում, իսկ ուկրաինական «Զարյայի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղում առաջին գոլը խփեց անգլիական ակումբի կազմում (պաշտոնական խաղում):
 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։