Ձյուդոյի հավաքականի մարզիչն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն ամփոփեցին տարին

13:37   8 դեկտեմբերի, 2016

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը եւ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեցին 2016 թվականը:

Դավիթ Խիթարյան. «2016-ը նպատակային եւ ծանր տարի էր: Մասնակցեցինք Օլիմպիական խաղերին: Ունեցել ենք պլանային մարզումներ, որոնք անցկացրել ենք ըստ ծրագրվածի: Ցավոք, ձյուդոն ուներ մեկ օլիմպիական ուղեգիր եւ Խաղերից վերադարձանք առանց մեդալի:

Տարվա կտրվածքով ձյուդոյի Հայաստանի հավաքականներն ունեցել են 20 մեդալ, ինչը մեզ չի գոհացնում: Այս 20 մեդալներից մեզ համար ամենանշանակալիցները Հովհաննես Դավթյանի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալն էր, պատանիների հավաքականի 1 ոսկե եւ 1 արծաթ մեդալները Գիմնազիադայում եւ Թուրքիայում կայացած խուլերի աշխարհի առաջնության արծաթե մեդալը: Ընդհանուր առմամբ, մեծահասակները նվաճել են 8 մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե, 6 բրոնզ, երիտասարդները՝ 1 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզը, իսկ պատանիները՝ 1 ոսկե, 1 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ:

Մեդալների քանակը նախորդ տարվա համեմատ նվազել է: Շեշտը դրել էինք Օլիմպիական խաղերի վրա: Փոփոխություներ են լինելու մարզչական շտաբում, կլինի ֆեդերացիայի համաժողով, եւ Նոր տարին կսկսենք նոր կազմով:

Մեր մարզիչների աշխատանքից դժգոհ եմ, որովհետեւ հավաքական ընդգրկվում են մարզիկներ, ովքեր չեն տիրապետում մարզաձեւի տարրական կանոններին: Դա խոսում է այն մասին, որ մարզիչները տեղում չեն աշխատում մարզիկների հետ, որովհետեւ մարզիչները չեն զբաղվում ինքնակրթությամբ: Խոսքը հիմնականում մարզերի մարզիչների մասին է, կան նաեւ այնպիսի մարզիչներ, որոնք չեն տիրապետում անգամ համակարգչին եւ լեզուներին:

Մեր բյուջեն 71 մլն դրամ է: Արդեն մի քանի տարի է՝ այդ բյուջեով ենք աշխատում: Բայց այդ գումարն արդեն չի բավարարում, քանի որ մոտ 50 տոկոսը ծախսվում է ավիատոմսերի վրա: Եթե էական փոփոխություններ չլինեն մեր բյուջեում, Տոկիո-2020-ում մասնակության վիճակագրությունը կմնա նույնը ՝ 1-2 օլիմպիական:

Ինչ վերաբերում է Հովհաննես Դավթյանին, նա դեռ չի ավարտի մարզական կարիերան, կշարունակի հանդես գալ միջազգային մրցաշարերում, բայց ձյուդոյի ֆեդերացիան մարզիկին կնախապատրաստի մարզչական կարիերա սկսելու համար»:

Արմեն Նազարյան. «Հետեւել եմ նոյեմբերի 27-ին կայացած Հայաստանի առաջնությանը, որին մասնակցում էր 110 մարզիկ: Գոհ չեմ, բարձիթողի վիճակ է ձյուդոիստների մոտ: Շատ աշխատանքներ կան անելու: Մարզիչները շատ թույլ են, մարզիկների ֆիզիկական, տեխնիկական, ինչպես նաեւ գիտելիքների առումով  շատ թույլ են: Այդ պատճառով հրավիրեցինք օտարազգի մասնագետի մեր մարզիչների որակավորումը տեղում բարձրացնելու նպատակով: Ինչ վերաբերում է ինձ, ես 8 տարի մարզվել եմ Գերմանիայում, պրոֆեսիոնալ մարզիչների մոտ եմ մարզվել եւ այդ փորձը բերել եմ հավաքական:

Ունենք խնդիրներ մի քանի քաշային կարգերում, հատկապես՝ ծանր քաշում: Քանի որ ծանր քաշը մեզ մոտ բաց է, մեկ մարզիկ արդեն հրավիրել ենք Ռուսաստանից: Ֆեդերացիան որոշել է 3 լեգեոնական հրավիրել հավաքական: Նրանք հայ մարզիկներ են Ռուսաստանից: Պետք է լուծենք քաղաքացիության հարցը:

Տարին ավարտում ենք միջազգային մրցաշարով եւ մեծ ծաղկաձորյան հավաքով: Դեկտեմբերի 10-12-ը Մոնակոյում կմասնակցենք թիմային առաջնության, որում հանդես կգան 60 կգ քաշային Գոռ Մկրտչյանը, 66 կգ Հովհաննես Դավթյանը, 73 կգ Ֆերդինանտ Կարապետյանը, 81 կգ Անդրանիկ Չափարյանը, 90 կգ Գրիգոր Սահակյանը, 100 կգ Սեյրան Սահակյան եւ +100 կգ Հակոբ Առաքելյանը:

Անմիջապես Մոնակոյից հետո դեկտեմբերի 13-26-ը Ծաղկաձորում կանցկացնենք հավաք, որին մասնակցելու են բոլոր տարիքային խմբերի ամենուժեղ ձյուդոիստները՝ 21 մարզիկ»:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։