Ժոզե Մոուրինյո. Ես աշխարհի լավագույն մարզիչը չեմ

22:12   7 դեկտեմբերի, 2016

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ուկրաինական «Զարյայի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումից առաջ Օդեսայում պատասխանել է լրագրողների հարցերին:

«Մեր առաջին խաղը «Զարյայի» հետ բարդ էր երկու թիմերի համար էլ: Վաղը նույնը կկրկնվի: Գիտենք, որ պարտվելու դեպքում, դուրս ենք մնալու Եվրոպայի լիգայից: Իսկ մենք չենք ցանկանում ավարտել մեր ելույթն այս մրցաշարում: «Զարյայի» համար այս խաղը մարզական նշանակություն չունի, բայց մրցակիցը ձգտելու է հաղթել:

Մրցաշարերի հարցում առաջնահերություններ չունենք: Մեզ համար ամենակարեւորը հաջորդ հանդիպումն է: Այսօր ինձ համար ավելի կարեւոր է Եվրոպայի լիգան, բայց վաղվա հանդիպումից հետո կասեմ, որ կարեւոր է Պրեմյեր լիգան:

Ես աշխարհի լավագույն մարզիչը չեմ: Կարծում եմ, որ չկա աշխարհի լավագույն մարզիչ: Կարող է լինել որեւէ առաջնության այդ պահի լավագույն մարզիչ, բայց աշխարհի լավագույն մարզիչ չկա: Ես սովորում եմ ամեն խաղում»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերում է sport.ua-ն:

«Զարյա» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը դեկտեմբերի 8-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։