Հակոբ Սերոբյան․ Հարություն Մերդինյանը կնախապատրաստվի Տոկիո-2020-ին

17:40   5 դեկտեմբերի, 2016

Եվրոպայի գործող չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերում 5-րդ տեղ զբաղեցրած մարմնամարզիկ Հարություն Մերդինյանին նախապատրաստելու ենք Տոկիո-2020-ին։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքանի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

«Մենք քննարկեցինք Հարություն Մերդինյանի հետ նրա հետագա անելիքները, եւ նա հայտնեց, որ ցանկանում է շարունակել եւ պայքարել օլիմպիական մեդալի համար։ Մենք սովորաբար խորհուրդ ենք տալիս մարզիկներին, մեր կարծիքը հայտնում, բայց Հարություն Մերդինյանն այն տարիքում է եւ այն մակարդակն ունի, որ նա պետք է որոշում կայացնի։ Օլիմպիական խաղերից հետո տարբեր կարծիքներ կային, որ Հարութը կավարտի մարզական կարիերան, բայց նա այնքան սիրահարված է այս մարզաձեւին եւ այնքան մեծ աշխատանք է կատարել իր կարիերայի ընթացքում, որ առանց օլիմպիական մեդալի ճիշտ չէր լինի սպորտից հեռանալը։ Մենք կնախապատրաստվենք Տոկիո-2020-ին։ Հարություն Մերդինյանն այս օլիմպիական մրցաշրջանում կմասնակցի միայն խոշոր մրցաշարերի՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, ինչպես նաեւ աշխարհի գավաթի խաղարկություններին, որոնք ըստ նոր կանոնակարգի գուցե օլիմպիական վարկանիշ տան։ Մյուս մրցաշարերից նրան կազատենք, որպեսզի շատ մեծ ծանրաբեռնվածություն չունենա։ Ես շատ ուրախ եմ, որ Հարութը որոշել է շարունակել եւ հասնել իր գերնպատակին։ Նրան խանգարող ոչինչ չկա՝ իր նպատակին հասնելու համար։ Ամուսնացած չէ, շատ մեծ համբավ եւ անուն ունի սպորտային մարմնամարզության մեջ, ուժեղ է, ֆիզիկական տվյալներն էլ հիանալի են»,- ասաց Հակոբ Սերոբյանը։

Հավաքականի գլխավոր մարզիչի խոսքը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Հարություն Մերդինյանը։

«Շարունակում եմ մնալ մեծ սպորտում եւ գնալու եմ Տոկիո-2020։ Որոշեցի մնալ, քանի որ այլ ելք չեմ տեսնում»,- նշեց Հարություն Մերդինյանը։

Հիշեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում Հարություն Մերդինյանը նժույգի վարժության եզրափակիչում ցույց տվեց 14.933 արդյունք: Նժույգի վարժության օլիմպիական որակավորման փուլում 2015թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը հավաքել էր 15.583 միավոր եւ զբաղեցրել չորրորդ տեղը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։