Հենրիխ Մխիթարյան. Երբ տխրում ես, հաջողությունը քեզ չի ժպտում

15:17   4 դեկտեմբերի, 2016

Երբ տխրում ես, հաջողությունը քեզ չի ժպտում, այդ դասը սերտել եմ բրազիլացիներից, նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ պատմելով Դորտմունդի «Բորուսիայում» անցկացրած տարիների մասին:

«Առաջին մրցաշրջանը Դորտմունդում վատ չդասավորվեց, բայց երկրորդ տարին իսկական աղետ էր՝ ինձ համար էլ, ակումբի համար էլ: Շատ էինք պարտվում, ես գոլ չէի խփում, փոխանցումներս անարդյունավետ էին: Դորտմունդյան բնակարանումս ծանր գիշերներ եմ ունեցել, միայնության մեջ, միայն մտածմունքներ: Չէի ցանկանում փողոց դուրս գալ, ընթրել: Սակայն նոր մարզիչ Թոմաս Տուխելն ամեն ինչ փոխեց: Նա ասաց ինձ, որ կորզելու է իմ հնարավորությունների առավելագույնը: Ես մինչեւ վերջ չէի հավատում նրա խոսքերին, բայց Տուխելը շատ լուրջ նայեց ինձ եւ ասաց. «Միկի, դու կլինես մեծագույն ֆուտբոլիստ»: Դա շատ կարեւոր էր ինձ համար: Այդքան վատ մրցաշրջանից հետո նույնիսկ չէի մտածում աստղ դառնալու մասին: Բայց նա հասավ իր նպատակին: Ես դարձյալ ինձ երջանիկ էի զգում: Այդ տարի մենք խաղացին սուպերհարձակողական ոճով՝ երկու պաշտպան, երեք կիսապաշտպան եւ հինգ հարձակվող: Ամեն ինչ ստացվում էր: Նույնիսկ, տանուլ տված հանդիպումներում հաճույք էինք ստանում մեր խաղից»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է Theplayerstribune-ը:

Դեկտեմբերի 4-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության 14-րդ տուրում կհյուրընկալվի «էվերտոնին»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։