Հայկական հեծանվասպորտ. Տարվա ամփոփում

20:48   16 նոյեմբերի, 2016

2017թ. հունվարի 1-ից հեծանվային սպորտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվելու է Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերին: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի օլիմպիական վարկանիշ ձեռք բերենք։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը։

«Այս տարին շատ հագեցած էր մեզ համար։ Առաջին անգամ մենք մասնակից ունեցանք Եվրոպայի մեծահասակների առաջնությունում, որտեղ հանդես եկավ մեր առաջատար մարզիկներից Մհեր Մկրտչյանը։ Նրա արդյունքը 15-րդ տեղն էր, բայց ես ակնկալում էի 10-րդ տեղի արդյունք։ Նրա մասնակցությունը գնահատում եմ նորմալ, քանի որ նա շատ մեծ ցանկության պատճառով ցածր  արդյունք ցույց տվեց։ Չնայած առաջին մասնակցության համար ամեն ինչ լավ էր։ Հաջորդ տարի արդեն Մհեր Մկրտչյանից բացի կունենանք նաեւ Էդգար Ստեփանյան եւ կաշխատենք էլի մի քանի մարզիկների համար հնարավորություն ստեղծել պայքարելու Եվրոպայի մեծահասակների առաջնությունում։ Այս տարի նախատեսված մրցաշարեր չունենք, մարզիկներն իրենց հունով շարունակում են մարզումները։ Հաջորդ տարվա սկզբից կսկսենք Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի համար պայքարը»,- ասաց Արմեն Գյոզալյանը։

ՀՀՖ նախագահ Արման Սահակյանը 2016 թվականը հաջողված է համարում հայկական հեծանվասպորտի համար։

«Չնայած ֆեդերացիայի սուղ միջոցներին, մենք հնարավորություն ստեղծել ենք հավաքականի մարզիկների համար լավագույն մարզավիճակ ունենալու եւ մարցաշարերին մասնակցելու համար։ Այս տարի առաջին անգամ մասնակցեցինք նաեւ Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։ Այս տարի Եվրոպական աղյուսակում Հայաստանն առաջին անգամ զբաղեցնում է 26-րդ տեղը։ Երբեւէ նույնիսկ Հայաստան անունը չի եղել այս աղյուսակում, իսկ այս տարի մեր արդյունքների շնորհիվ 26-րդն ենք։ Հաջորդ տարի նախատեսում ենք աշխարհի բոլոր գավաթներին մասնակցել, որպեսզի ձեռք բերենք համապատասխան վարկանիշները Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար»,- նշեց Արման Սահակյանը։

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.