00:38 20 հոկտեմբերի, 2016Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում հոկտեմբերի 19-ին անցկացվեցին A, B, C, D խմբերի երրորդ տուրի խաղերը:
«Բարսելոնան» C խմբում ընդունեց Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթիին» եւ հաղթեց 4:0 հաշվով: Անգլիական ակումբը բավական ակտիվ էր սկսել խաղը եւ սկզբնամասում պրեսինգի էր դիմում նաեւ մրցակցի կիսադաշտում: 17-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին օգտվեց «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանության սայթաքումից եւ բացեց հաշիվը: Գոլից հետո կատալոնացիները սկսեցին ավելի վստահ գործել, բայց առաջին խաղակեսում հյուրերն ունեցան հաշիվը հավասարեցնելու մի քանի պահեր, որոնք չօգտագործեցին:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Կլաուդիո Բրավոն ձեռքով խաղաց տուգանային հրապարակից դուրս եւ, ստանալով կարմիր քարտ, «Մանչեսթեր Սիթիին» թողեց 10 խաղացողներով: Քիչ անց Լիոնել Մեսին դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 2:0: Շուտով հյուրերն ունեցան հաշիվը կրճատելու հնարավորություն, սակայն բելգիացի Կիեւի Դե Բրույնեի հարվածը վտանգավոր չստացվեց հարմար դիրքից:
«Բարսելոնան» ուներ տարածքային առավելություն, իսկ երրորդ գոլը չուշացավ: Մեսիին հեթ-տրիկի հեղինակ դառնալ օգնեց գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի սխալ փոխանցումը, որից հետո Լուիս Սուարեսը դատարկ դարպասի դիմաց դուրս բերեց արգենտինացի հարձակվողին: 73-րդ րոպեին նաեւ «Բարսելոնան» մնաց 10 խաղացողներով, սակայն դա ոչինչ չտվեց «Մանչեսթեր Սիթիին»: Դաշտի տերերն էլ վերջնամասում խփեցին նաեւ չորրորդ գոլը: Մեսիի փոխանցումից հետո աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը րոպեներ առաջ վրիպել էր 11 մետրանոցից:
C խմբի մյուս խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» Շոտլանդիայում 2:0 հաշվով ուժեղ գտնվեց «Սելթիկից»:
A խմբում «Արսենալը» Մեսութ Օզիլի հեթ-տրիկի օգնությամբ Լոնդոնում 6:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ բուլղարական «Լուդոգորեցի» նկատմամբ, իսկ ՊՍԺ-ն տանը խոշոր հաշվով հաղթեց շվեյցարական «Բազելին»՝ 3:0:
B խմբում իտալական «Նապոլին» տանը 2:3 հաշվով անակնկալ պարտություն կրեց թուրքական «Բեշիկթաշից», իսկ Լիսաբոնի «Բենֆիկան» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Կիեւի «Դինամոյի» նկատմամբ:
D խմբում Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով պարտության մատնեց հոլանդական ՊՍՎ-ին, իսկ Մադրիդի «Աթլետիկոն» Ռուսաստանում հաղթեց «Ռոստովին»՝ 1:0:
Չեմպիոնների լիգա, երրորդ տուր
A խումբ
«Արսենալ» (Անգլիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 6:0
Ալեքսիս Սանչես, 12, Թեո Ուոլքոտ, 42, Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլեն, 46, Մեսութ Օզիլ, 56, 83, 87
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 3:0
Անխել Դի Մարիա, 40, Լուկաս Մոուրա, 62, Էդինսոն Կավանի, 90+3 (11մ)
B խումբ
«Նապոլի» (Իտալիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 2:3
Դրիս Մերտենս, 30, Մանոլո Գաբիադինի, 69 (11մ) – Ադրիանո, 12, Վենսան Աբուբակար, 38, 86
Չիրացված 11 մետրանոց՝ Լորենցո Ինսինյե, 50 («Նապոլի»)
«Դինամո Կիեւ» (Ուկրաինա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 0:2
Էդուարդո Սալվիո, 9 (11մ), Ֆրանկո Չերվի, 55
C խումբ
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 4:0
Լիոնել Մեսի, 17, 61, 69, Նեյմար, 89
Հեռացումներ՝ Ժերեմի Մաթյո, 73 («Բարսելոնա») – Կլաուդիո Բրավո, 53 («Մանչեսթեր Սիթի»)
Չիրացված 11 մետրանոց՝ Նեյմար, 87 («Բարսելոնա»)
«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Բորուսիա Մ.» (Գերմանիա)՝ 0:2
Լարս Շտինդլ, 57, Անդրե Հան, 77
D խումբ
«Բավարիա» (Գերմանիա) - ՊՍՎ (Հոլանդիա)՝ 4:1
Թոմաս Մյուլեր, 13, Ջոշուա Կիմիխ, 21, Ռոբերտ Լեւանդովսկի, 59, Արյեն Ռոբեն, 84 – Լուսիանո Նարսիխ, 41
«Ռոստով» (Ռուսաստան) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 0:1
Յաննիկ-Ֆերեյրա Կարասկո, 62
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.