«Բարսելոնան» երկրորդ տարին անընդմեջ 4 գոլ բաց թողեց Վիգոյում եւ պարտվեց

00:37   3 հոկտեմբերի, 2016

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Բարսելոնան» առանց Լիոնել Մեսիի հյուրընկալվելիս 3:4 հաշվով անակնկալ պարտություն կրեց Վիգոյի «Սելտայից»:

Առաջին խաղակեսը չափազանց անհաջող ստացվեց կատալոնական ակումբի համար: «Սելտան» առաջին կեսում 3 անպատասխան գոլ խփեց 11 րոպեի ընթացքում եւ ընդմիջման գնաց հսկայական առավելությամբ:

Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը չէին փակվել սեփական կիսադաշտում եւ խաղն անցնում էր փոխնիփոխ գրոհներով: 58-րդ րոպեին «Բարսելոնան» հաշիվը կրճատեց իսպանացի պաշտպան Ժերար Պիկեի գոլի շնորհիվ, իսկ 6 րոպե անց բրազիլացի Նեյմարը 11 մետրանոցից խփեց հյուրերի երկրորդ գոլը: Թվում էր, թե Լուիս Էնրիկեի թիմը մոտ է նաեւ հաշիվը հավասարեցնելուն, սակայն Մարկ-Անդրե տեր Շտեգենը փչացրեց ամեն բան: Գերմանացի դարպասապահի կոպիտ սխալի պատճառով գնդակը 77-րդ րոպեին չորրորդ անգամ հայտնվեց «Բարսելոնայի» դարպասում: Վերջնամասում հյուրերն անդադար գրոհում էին եւ կարողացան կրճատել հաշիվը, սակայն ավելին անել չհաջողվեց: 87-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց Պիկեն:

«Բարսելոնան» չօգտվեց առաջին տեղ բարձրանալու հնարավորությունից եւ 13 միավորով մնաց չորրորդ տեղում: Առաջատարներ Մադրիդի «Ռեալը» եւ «Աթլետիկոն» ունեն 15-ական միավոր, իսկ երրորդ տեղում գտնվող «Սեւիլիան»՝ 14:

Հիշեցնենք, որ Իսպանիայի նախորդ առաջնությունում «Սելտան» «Բարսելոնային» Վիգոյում հաղթել էր 4:1 հաշվով:

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Սելտա» - «Բարսելոնա»՝ 4:3

Պիոնե Սիստո, 22, Իագո Ասպաս, 31, Ժերեմի Մաթյո, 33 (ինքնագոլ), Պաբլո Հերնանդես, 77– Ժերար Պիկե, 58, 87, Նեյմար, 64 (11մ)

«Էսպանյոլ» - «Վիլյառեալ»՝ 0:0

«Մալագա» - «Աթլետիկ»՝ 2:1

Սանդրո Ռամիրես, 82, Դուդա, 83 – Արից Ադուրիս, 3

Հեռացումներ՝ Բակարի Կոնե, 90 – Միկել Բալենզիագա, 36



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։